ՀՀ վարչապետը վաղը կմեկնի Մոսկվա. Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներով հնարավոր է համատեղ հայտարարության ստորագրում - RadioVan.fm

Онлайн

ՀՀ վարչապետը վաղը կմեկնի Մոսկվա. Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներով հնարավոր է համատեղ հայտարարության ստորագրում

2021-01-10 15:06 , Политика, 1080

ՀՀ վարչապետը վաղը կմեկնի Մոսկվա. Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներով հնարավոր է համատեղ հայտարարության ստորագրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ):

Վարչապետի պաշտոնական կայքի հրապարակումից տեղեկանում ենք, որ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Վարչապետի այցին է անդրադարձել նաև նրա մամուլի խոսնակը՝ մանրամասնելով.

«Եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաև, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»:

Նշենք՝ վերջին օրերին ընդդիմադիր շրջանակներից մտահոգություններ են հնչում առ այն, որ ՀՀ վարչապետը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը փաստաթուղթ է ստորագրելու, որով նոր զիջումների է գնալու:

Лента

Рекомендуем посмотреть