Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայկական կողմին է փոխանցվել Ադրբեջանի զինուժի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանի դին։
«Տարեց տղամարդու դին Կարմիր խաչի աջակցությամբ ադրբեջանական կողմից Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին»,-լրատվամիջոցներին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մահացել է։
«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը»,-նշել էր Արման Թաթոյանը:
ԿԽՄԿ ջանքերով հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված հադրութցի 85-ամյա Եվգենիա Բաբայանը, ով որպես տուժող հարցաքննվել է, պատմել է այն դաժանությունների մասին, որը տեսել, զգացել և լսել է գերության օրերին։