Ինձ շան նման էին վերաբերվում, երիտասարդ հայ գերուն էլ կապկպել էին, գցել պարկի մեջ. գերությունից վերադարձած 85-ամյա հադրութցին պատմում է տեսածն ու ապրածը - RadioVan.fm

Онлайн

Ինձ շան նման էին վերաբերվում, երիտասարդ հայ գերուն էլ կապկպել էին, գցել պարկի մեջ. գերությունից վերադարձած 85-ամյա հադրութցին պատմում է տեսածն ու ապրածը

2020-10-31 15:36 , Право, 1510

Ինձ շան նման էին վերաբերվում, երիտասարդ հայ գերուն էլ կապկպել էին, գցել պարկի մեջ. գերությունից վերադարձած 85-ամյա հադրութցին պատմում է տեսածն ու ապրածը

Ադրբեջանական գերությունից վերադարձված 85-ամյա Եվգենիա Բաբայանը հարցաքննվել է։ ՀՀ քննչական կոմիտեն hայտնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ջանքերով ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված քաղաքացիական անձը ճանաչվել է որպես տուժող, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։

Քննչական կոմիտեի՝ տարեց կնոջ հետ զրույցից մեկ հատվածի վերաբերյալ տեսանյութում տիկին Եվգենիան պատմում է գերության պահից մինչև Հայաստան վերադառնալու օրերի ու ժամերի սարսափի մասին։

«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռմբակոծության պատճառով գիշերել եմ իմ տան նկուղում, որը որպես ապաստարան է ծառայում՝ պատերը հաստ են։ Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որ հավերիս կերակրեմ։ Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը։ Մտածեցի՝ որդիս՝ Սուրենն է եկել։ Այդ պահին տան դուռը բացվեց, ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ տասը զինվորականներ ներխուժեցին իմ տուն։ Տեսնելով նրանց՝ վախեցա ու վայր ընկա»,- պատմում է Հադրութում ծնված ու մեծացած կինը, որի որդին պատերազմի հենց առաջին օրից առաջնագծում է։

Նրա խոսքով՝ զինվորականները մոտեցել են, ձեռքից քաշել, բարձրացել և ասել, որ Բաքու են տանելու։

Այդպես էլ արել են, տարեց կնոջը քարշ տալով` ուժով մեքենա են նստեցրել ու տարել:

Գերության գրեթե երկու շաբաթների ընթացքում կինը երեք տարբեր ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել։

Ասում է՝ իրեն շատ վատ են վերաբերվել, շան նման։

«Բաքվում ինձ տարան երեք ոստիկանական բաժանմունք: Ինձ շատ վատ են վերաբերվել։ ինձ շատ վատ էին վերաբերվում, կարծես կենդանու՝ շան տեղ դրած լինեին։ Ծարավ էի, ջուր կամ թեյ ուզեցի, ինձ բաժակով մի փոքր թեյ տվեցին առաջին ոստիկանական բաժանմունքում։ Դրանից հետո մի կին աշխատակից իմ առաջ շաքարի կտոր գցեց, ես հրաժարվեցի օգտվել նրանց տված թեյից ու շաքարից, ասացի, որ ես կին եմ, շուն չեմ»,-պատմում է կինը։

Հետո տարել են երկրորդ ոստիկանական կետ, որտեղ ստիպել են ասել, թե Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը։ Տեսախցիկներով նկարել են, հարցեր տվել։ Երրորդ ոստիկանական կետում երկու հայ գերիների է տեսել։ Մեկը երիտասարդ է եղել, մյուսը՝ տարիքով։

«Երիտասարդին կապկպել էին, ոտքերը, ձեռքերը, փակել էին աչքերը, գցել էին մի անկյուն ու հերթով քացի էին տալիս։ Իսկ մյուս հայը տարիքով մեծ էր, ձեռքերը կոտրտված էին, վրան հալ չկար, ուղղակի նստած էր»,-պատմում է 85-ամյա կինը։

Կինը տեսել է, թե ինչպես են երիտասարդին գցել մի պարկի մեջ, ապա քարշ տալով տարել, ավտոմեքենայի մեջ գցել։ Իսկ իրեն մյուս տղամարդու հետ երրորդ օրը մեքենա են նստեցրել։ Տարեց կնոջը տարել են Բաքվի հիվանդանոց, մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է։

«Ինձ ասացին, որ այդ երկու հայերին մորթոտել են, վզները կտրել են ու սպանել»,- ասում է կինը։

Հիվանդանոցում տասն օր է մնացել, որտեղ նրան այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները, տվել անհրաժեշտ իրեր։ Այնուհետ Բաքվից տեղափոխել են Վրաստան, որտեղից էլշտապօգնության մեքենայով Հայաստան են բերել։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտնել էր, որ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները։ Նշվել էր, որ ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները նույն օրը մասնակցել են զինծառայողների մարմինների՝ հայկական կողմին փոխանցման գործընթացին և տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն:

Лента

Рекомендуем посмотреть