«Մանկուց էնտեղ ենք մեծացել, դասերս սկսվել են, իսկ ես ուշանում եմ»․ ՌԴ գնալ ցանկացողները պահանջում են բացել սահմանները - RadioVan.fm

Онлайн

«Մանկուց էնտեղ ենք մեծացել, դասերս սկսվել են, իսկ ես ուշանում եմ»․ ՌԴ գնալ ցանկացողները պահանջում են բացել սահմանները  

2020-09-15 11:59 , Общество, 1063

«Մանկուց էնտեղ ենք մեծացել, դասերս սկսվել են, իսկ ես ուշանում եմ»․ ՌԴ գնալ ցանկացողները պահանջում են բացել սահմանները

«Պահանջում ենք բանակցել ու բացել Ռուսաստանի հետ սահմանները»․ այս վանկարկմամբ այսօր Ազգային ժողովի դարպասների մոտ իրենց մանկահասակ երեխաների հետ հավաքվել էին ամիսներ առաջ Հայաստան եկած ու կորոնավիրուսի հետևանքով՝ սահմանների փակ լինելով պայմանավորված, Հայաստանում ակամա մնացած Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տասնյակ քաղաքացիներ, ովքեր տևական ժամանակ է սահամանները բացելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր գերատեսչությունների շենքերի առջև։

«Մանկուց էնտեղ ենք մեծացել, դասերս սկսվել են, իսկ ես դասերից ուշանում եմ։ Նաև կարոտել եմ մեծ քրոջս, ով իմ երկրորդ մաման է»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց 11-ամյա Յուրի Սահակյանը, ով 6 ամիս առաջ է մոր հետ եկել Հայաստան պապիկի մահվան առիթով։

Հավաքվածները նշում էին, որ ՌԴ դեսպանությունից իրենց ասել են, որ խնդիրը ՀՀ կառավարության կարգավորման դաշտում է, նրանք պետք է բանակցեն սահմանները բացելու հարցով։ Իսկ կառավարության հայտարարություններին, թե բանակցում են կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու հարցով՝ քաղաքացիները այնքան էլ չեն հավատում։ Նշում են՝ դրանով իրենց հարցը լուծում չի ստանա, քանի որ այդկերպ, նրանց տեղեկություններով, ճանապարհը բացվելու է միայն ՌԴ-ից Հայաստան եկող ՀՀ քաղաքացիների, ՌԴ մեկնելու հիմք ունեցողների, ուսանողների համար։

«Միշտ ասում են՝ բանակցում են, բայց որևէ մեկը որևէ բան չի ասում, թե որ փուլում են դրանք»,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։

Նրանց հետ հարցուպատասխանը՝ տեսանյութում։

Հավելենք, որ վերոնշյալ քաղաքացիների խնդրին վերջնական լուծում տալու նպատակով վաղը Ազգային ժողովում 16։00-ին նիստ է հրավիրելու։ Այդ մասին «Ռադիո Վան»-ին ասաց ակցիայի մասնակիցներից Հասմիկ Սահակյանը՝ նշելով, որ իրենց տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը:

Այսօր էլ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնեց, որ առաջին անգամ COVID-19 համաճարակի ընթացքում Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ռուսական փոխադրողները ցանկանում են թռչելու իրավունք ստանալ ոչ միայն կառավարության կողմից բացված երկրներ, այլև ցանկանում են համալրել մուտքերն այն երկրներ, որոնք դեռ փակ են: Նշվել է, որ օրինակ, NordStar, Ural Airlines և AZUR ավիաընկերությունները դիմել են դեպի Հայաստան կանոնավոր չվերթների համար։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть