«Իրանց ասած հպարտ քաղաքացուց բան չի մնացել», «Դուխով գլխարկ դնելով դուխով չեն դառնում»․ քաղաքացիները վարկային արձակուրդ են պահանջում - RadioVan.fm

Онлайн

«Իրանց ասած հպարտ քաղաքացուց բան չի մնացել», «Դուխով գլխարկ դնելով դուխով չեն դառնում»․ քաղաքացիները վարկային արձակուրդ են պահանջում  

2020-09-10 18:22 , Общество, 1262

«Իրանց ասած հպարտ քաղաքացուց բան չի մնացել», «Դուխով գլխարկ դնելով դուխով չեն դառնում»․ քաղաքացիները վարկային արձակուրդ են պահանջում

«Ոչ վարկային թալանին», «Մեկ տարի վարկային արձակուրդ» կարգախոսներով այսօր կառավարության շենքի առջև նստացույցով իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում վաշխառու կազմակերպությունների և բանկային համակարգի դեմ ընդդիմացող քաղաքացիները։

«Մենք չենք գնալու այստեղից այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել: Սա Հայաստանի 80 տոկոսից ավելի մարդկանց հուզող հարց է»,- հայտարարեց ակցիայի նախաձեռնողներից Մանվել Մանուկյանը:

«Շարքային հպարտ քաղաքացիներ ենք եղել, բոլորս էլ կորցրել ենք եկամուտը, պարտաճանաչ վարկառու էինք, տվյալ պահին եկամուտ չունենք, չենք կարող վճարել բանկային պարտավորությունների դիմաց։ Դիմում ես բանկ, ասում ես՝ հարգելի բանկ, ես քո 7 տարվա ընտիր հաճախորդն եմ եղել, դու ինձ տրամադրել ես գումար, ես ձեռք եմ բերել ինչ-որ բան, բայց հիմա հնարավոր չէ, ընդառաջեք։ Աշխատում եմ, բայց դա էն գումարը չէ, որ կարողանամ հոգալ կոմունալները, սնունդը, դեղերը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Մարինե Կարապետյանը՝ նշելով, որ իշխանությունների ասած հպարտ քաղաքացուց բան չի մնացել։

«Դուխով գլխարկ դնելով դուխով չեն դառնում: Դուխով 500 ֆեյք եք պահում, դուխով քֆուր են գրում, որոնք դեմներս հելնեն՝ թողում, փախնում են առանց նայելու: Էդպես դուխով չեն դառնում: Կուբայից տրանսգենդեր բերելով՝ դուխով չեն դառնում: Մի օր դուխով հելեք մոգոների դեմ, ասեմ՝ դուխով վարչապետ ունեք: Մենակ դուխով ինչքան Եվրոպայից հարամ բան կա, արեցիք: ․․․Ամոթ է, հանեք էդ դուխով գլխարկները, ավելի լավ է դուխով ապրեք,-բարձրաձայնեց ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը՝ հավելելով,-իրապես գործելու ժամանակն է, ժողովրդին հանեք էս ցեխի միջից, ոչ թե գնացեք, նստեք բազմոցներին, երևի մի հատ էլ ծիծաղում եք, թե ինչու են եկել էստեղ վեր ընկել: Իջեք: Ուղղակի պարտավոր եք Նիկոլ Փաշինյան էս հարցերի լուծումը տաք: Եթե չեք կարողանում՝ իջեք, ասեք՝ չեմ կարողանում էս հարցերի լուծումը տալ, ժողովուրդ ջան, գնացեք ուրիշից ուզեք, դա ավելի հարգի կլինի»։

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ առավոտից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում կառավարությունից որևէ մեկը նստացույցի մասնակիցներին չհանդիպեց, հավաքվածների խնդիրներին ծանոթանալու էին եկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ովքեր վստահեցրին հարցի մասին բարձրաձայնել։

Հիշեցնենք՝ նոր կորոնավիրուսի (Covid-19) տարածմամբ պայմանավորված երկրում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրության ռեժիմի օրերին Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով ստեղծված իրավիճակի պայմաններում իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ ունեցող վարկառուների նկատմամբ զիջողական քայլեր ձեռնակել։

Բանկերը, անսալով գլխավոր դրամատան հորդորին, 1- 2 ամսով վարկային արձակուրդ տրամադրեցին։

Հունիսի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակաճգնաժամային նպատակներով բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով վարկային արձակուրդ են տրամադրել, և 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть