«Վարկային արձակուրդ», դիմակներ, ձեռնոցներ. ՀՀ բանկերը՝ արտակարգ դրության քայլերով - RadioVan.fm

Онлайн

«Վարկային արձակուրդ», դիմակներ, ձեռնոցներ. ՀՀ բանկերը՝ արտակարգ դրության քայլերով

2020-03-20 04:22 , Общество, 2291

«Վարկային արձակուրդ», դիմակներ, ձեռնոցներ. ՀՀ բանկերը՝ արտակարգ դրության քայլերով

Ինչպե՞ս են ՀՀ-ում գործող առևտրային բանկերն արձագանքում նոր՝ COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմին, աշխատակարգի ի՞նչ փոփոխություններ են արվել. «Ռադիո Վան»-ը դիտարկումներ է արել՝ հարցերի պատասխանները ստանալու նպատակով:

Հանրապետության թվով 17 բանկերի այս կամ այն մասնաճյուղ այցերի ընթացքում պարզեցինք, որ բանկերում քաղաքացիներին սպասարկող անձնակազմը ապահովված է դիմակներով և ձեռնոցներով, մուտքում ալկոգել է առաջարկվում՝ ձեռքերի ախտահանման համար, ներկայացուցիչները նշում էին, որ օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են նաև սպասարկման սրահները: Կուտակումներից խուսափելու համար քաղաքացիներին հորդորվում էր հերթ կանգնել բաժանմունքից դուրս, հերթում պահպանել որոշակի հեռավորություն:

Բանկերից շատերը նաև, հետևելով Կենտրոնական բանկի՝ վարկառուների վարկային պարտավորությունների կատարման ուղղությամբ որոշակի զիջողական քայլեր ձեռնակելու հորդորներին, արդեն իսկ քայլեր են ձեռնարկել:

Հիշեցնենք՝ մարտի 16-ին Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար»:

Առևտրային բանկերից շատերը ժամկետների տարբեր սահմանումներով «վարկային արձակուրդ» են առաջարկում, մասնավորապես, հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաև այդ իրավաբանական անձանց աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը: Վերջինները կարող են դիմել իրենց սպասարկող Բանկի պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար, եթե բանկի կողմից արդեն իսկ չեն ձեռնարկվել նմանատիպ միջոցառումներ:

Ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեց հաճախորդների մասով, նախապես վարկառուի ներկայացրած դիմումի դեպքում, բանկերի կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում։ Առանձին դեպքերում, ելնելով բանկերի քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում բանկի կողմից սահմանվող ժամկետով։ Վարկային պարտավորությունների գծով հետաձգված ժամկետներում մարումներ չիրականացնելու դեպքում նշված անձանց վարկերը չեն համարվի ժամկետանց, չեն հաշվարկվի տույժեր և տուգանքներ, ինչպես նաև չի վատանա նշված հաճախորդների վարկային պատմությունը: Հնարավոր է նաև ժամկետների երկարացում` վարկային բեռի հնարավոր ավելացումը կանխելու նպատակով:

Նշենք, որ բանկերի բաժանմունքների սպասարկման սրահներում ուղիղ եթերի ռեժիմում տեսանկարահանումներ իրականացնել մեզ մերժեցին, այդ իսկ պատճառով մեր դիտարկումները սահմանափակվեցին միայն տեսածը գրավոր ներկայացնելով և փոքրիկ տեսանյութով որոշ թույլատրելի կադրեր անելով:

Հիշեցնենք, հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ում մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից, ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը, որը կգործի մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть