«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված 4 քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում` կայուն:
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ որ 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել:
Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:
Մյուս՝ 24 և 32-ամյա պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա:
Հիշեցնենք՝ երեկ կեսօրին «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքների ընթացքում պայթյուն էր տեղի է ունեցել, որի հետևանքով գործարանի 2 աշխատակից մահացել է, 4-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են բուժկենտրոն, առկա է շնչուղիների այրվածքներ, այրվածքային մակերեսը 4-ի մոտ տարբեր է՝ 35%-90%-ի հասնող։
Գործարանի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանի տեղեկացմամբ՝ քրեական գործով գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող: