«Պողոսյան» հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը։ Հիմնադրամից մանրամասնում են, որ հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները՝ որոշել են այս և գալիք տարվա համար զգալիորեն ավելացնել Լիբանանին տրվող աջակցությունը։
Ըստ այդմ՝ Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ։
Հիշեցնենք՝ Բեյրութը օգոստոսի 4-ին ցնցած պայթյունը խլել է մոտ 200 մարդու կյանք, այդ թվում՝ 13 հայի, շուրջ 6000 վիրավորների շարքում 250-300-ը հայեր են, անօթևան է մնացել 300 000 մարդ։ Ավերվել են բազմաթիվ շինություններ՝ այդ թվում հայկական։
Դեպի Բեյրութ մարդասիրական օգնության երեք թռիչքներով Հայաստան է վերադարձել 101 մարդ։
Օգոստոսի 9-11-ը Բեյրութ կատարած այցից հետո ՀՀ վերադարձած սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է, որ Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը