Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանել է մի քանի ժամ առաջ։
«ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։
Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար և անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,-գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութը ցնցած պայթյունը խլել է առնվազն 160 մարդու կյանք՝ այդ թվում այս պահի տվյալներով՝ 13 հայի, 5 հազարից ավելի վիրավորներ կան, 300 հազարը առանց տանիքի է մնացել։
Պայթյունի հասցված վնասի չափը 10-15 մլրդ ամերիկյան դոլար է գնահատվել։
Միջազգային դոնորները գրեթե 300 միլիոն դոլար են հավաքել՝ պայթյունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով։
Հայաստանը և Արցախը հումանիտար աջակցություն են ուղարկել բարեկամ Լիբանանին։
Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության միջոցով օգոստոսի 8-ին, 9-ին և 11-ին 3 հումանիտար չվերթ է կազմակերպվել, որոնցով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ և առողջապահական պարագաներ։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին երախտագիտություն է հայտնել «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությանը՝ արագ արձագանքելու և թռիչքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Կոմիտեն, միաժամանակ, շնորհակալություն է հայտնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին, «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին, «Շրջակա միջավայրի նախարարության Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ին և այլ մարմիններին ու ծառայություններին՝ պատշաճ և բարձր մակարդակի սպասարկում իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը