«Կան մարդիկ, ովքեր հազիվ էին քայլում»․ Բեյրութի պայթյունից 250-300 հայ է վիրավորվել - RadioVan.fm

Онлайн

«Կան մարդիկ, ովքեր հազիվ էին քայլում»․ Բեյրութի պայթյունից 250-300 հայ է վիրավորվել

2020-08-14 17:43 , Общество, 1237

«Կան մարդիկ, ովքեր հազիվ էին քայլում»․ Բեյրութի պայթյունից 250-300 հայ է վիրավորվել

Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է օգոստոսի 9-11-ը Բեյրութ կատարած այցից հետո ՀՀ վերադարձած սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշել է, որ վերջին շրջանում՝ հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, նաև՝ օգոստոսի 4-ի և 11-ի չվերթներով, Հայաստան է եկել 370 մարդ, իսկ միայն երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, 101 մարդ են բերել Հայաստան:

«Եկել են նրանք, որոնք այս պահին չէին կարող մնալ Լիբանանում, ցանկանում էին գալ հայրենիք, մենք էլ ընդառաջեցինք»,-ասել է Զարեհ Սինանյանը։

Հանձնակատարի խոսքով՝ դեսպանատան տվյալներով Լիբանանում ապրող շուրջ 25 հազար հայ ՀՀ քաղաքացի է:

Ինչ վերաբերվում է Բեյրութի պայթյունից վիրավորված հայերի թվին՝ Սինանյանի փոխանցմամբ՝ 250-300 հայ է վիրավորվել։

Անդրադառնալով նրանց առողջական վիճակին՝ Սինանյանը նշել է, որ վիրավորումները տարբեր աստիճանի ծանրության են։

«Մարդիկ կան, ովքեր երեսի մի մասը խազվել է, կան մարդիկ ովքեր ծանր վիճակում են, կան մարդիկ, ովքեր ապաքինվել են, նաև կան մարդիկ, ովքեր հազիվ էին քայլում»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ Բեյրութը օգոստոսի 4-ին ցնցած պայթյունից հետո, որը խլեց մոտ 200 մարդու կյանք, այդ թվում՝ 13 հայի, շուրջ 6000-ին վիրավոր դարձրեց, 300 000-ն էլ անօթևան մնացին՝ Լիբանանում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր սկսվեցին։ Իշխանություններից կոռումպացված համարող ցուցարները կառավարական շենքեր ներխուժեցին․ ոստիկանական ուժերի ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկն է մահացել, տուժել է ավելի քան 700 մարդ:

Կառավարության վրա գործադրված ճնշումների արդյունքում՝ օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը պաշտոնապես հայտարարեց կառավարության հրաժարականի մասին՝ իր հրաժեշտի տեսաուղերձում նշելով, թե «կոռուպցիոն համակարգն ավելի ուժեղ գտնվեց, քան Լիբանան պետությունը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть