Արդեն արձանագրում ենք մահացության նվազող ցուցանիշ. Փաշինյանը շեշտում է դիմակի կրման անհրաժեշտությունը - RadioVan.fm

Онлайн

Արդեն արձանագրում ենք մահացության նվազող ցուցանիշ. Փաշինյանը շեշտում է դիմակի կրման անհրաժեշտությունը

2020-08-05 21:51 , Политика, 1241

Արդեն արձանագրում ենք մահացության նվազող ցուցանիշ. Փաշինյանը շեշտում է դիմակի կրման անհրաժեշտությունը

«Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց դեռևս հսկայական թիվ է և կարող ենք ասել, որ համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ ու ավելի մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը համաճարակի պիկն էր: Մենք գտնվում ենք այն նույն վտանգների հանդիման, ինչը կար մայիսին»,-պարետատան այսօր կայացած նիստից հետո նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջին շրջանում լավ ցուցանիշի գրանցումը պահպանելու համար պետք է շարունակել ավելի խիստ պահպանել կանոնները:

«Մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից, վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները: Մենք ստացել ենք հնարավորություն այս իրավիճակը հաղթահարելու համար»,-շեշտել է վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ համոզմունք է հայտնել, որ բոլորի ջանքերն արդյունք են տալիս և Հայաստանում առկա է կայունացման գնացող համաճարակային իրավիճակ:

«Մենք իրական շանս ունենք՝ եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան նվազեցնելու դեպքերի թիվը, որ կորոնավիրուսն այլևս հանրային առողջապահական խնդիր չլինի»,-ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ներկայումս ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի: Նախարարը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ՝ ամենավատ օրերին, ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը հասել էր 650-ի, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված էր 50 քաղաքացի:

«Սա կարևոր է նրանով, որ արձանագրվում է մահացության նվազող ցուցանիշ, որը մեր միջոցառումների հիմնական նպատակն էր: Մենք միշտ շեշտում էինք, որ արձանագրված ցանկացած 100 դեպքի պարագայում, անկախ նրանից, թե որքան լավ կբուժենք, ինչքան շուտ կհայտնաբերենք, նշանակելու էր երկու մահ: Բնականաբար ցածր թվերը նշանակելու էին փոքր թվով մահեր: Հույս ունենք, այդ թիվը մի օր հասնելու է զրոյի»,-ընդգծել է նախարարը:

Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյաներով ՀՀ-ում մարտի 1-ից առ այսօր նոր կորնավիրուսային հիվանդության 39 586 դեպք է հաստատվել, որից 30 850-ը ապաքինվել են, իսկ 998-ը՝ մահացել։

Ներկայումս կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող 20 բուժհաստատությունների թիվը հասցվել է 15-ի: Եւս 2-ը մոտ օրերին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային վարակի նվազմամբ պայմանավորված՝ 200 քաղաքացու բուժած Դիլիջանի բուժկենտրոնը օգոստոսի 1-ից վերադարձել է նախկին աշխատանքային ռեժիմին։

Лента

Рекомендуем посмотреть