Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարի հետ։
Նախօրեին կայացած հանդիպմանը Հայաստանի դեսպանը զրուցակցին վերստին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը։
«Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյրանյանին՝ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չտրվելու հորդոր պարունակող ուղերձի համար: Նա հավելել է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ խաղաղորեն ապրում են Ուկրաինայում և «այսօր խիստ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը և կանխել հայկական ու ադրբեջանական համայնքների միջև առճակատումը»:
Դեսպանը հաղորդել է զրուցակցին, որ լարվածության հենց սկզբից Ուկրաինայի հայ համայնքը զսպվածություն է դրսևորել, ՈւՀՄ նախագահը և Ուկրաինայում ՀԱԵ հոգևոր առաջնորդը համապատասխան ուղերձներով դիմել են հայրենակիցներին:
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր, ինչպես նաև պայմանավորվել ջանքեր գործադրել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախապատրաստելու ուղղությամբ։
Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքեց վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ների կողմից տիրաժավորվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությանը»,-տեղեկանում ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումից:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի արտգործնախարարությունն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ, որի արդյունքում, ըստ գերատեսչության, «հրետանային հրետակոծումներ են տեղի ունեցել 2020 թվականի հուլիսի 12-ին՝ Թովուզի ուղղությամբ»։ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել էր, որ հանդես է գալիս իրավիճակի քաղաքական կարգավորման օգտին՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա»:
Այս հայտարարության առնչությամբ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
«Ուկրաինա, մի´ աջակցիր ագրեսորին»՝ այս կոչով էլ դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա իրականացրին Երևանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը