«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա» իրավիճակի քաղաքական կարգավորման կողմնակից Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա» իրավիճակի քաղաքական կարգավորման կողմնակից Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

2020-07-14 16:51 , Политика, 1235

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա» իրավիճակի քաղաքական կարգավորման կողմնակից Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Այսօր՝ հուլիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարություն է (ԱԳՆ) հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան։

Նրան ընդունած փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Նշենք՝ Ուկրաինայի արտգործնախարարությունը երեկվա հայտարարությունում մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ, որի արդյունքում , ըստ գերատեսչության, «հրետանային հրետակոծումներ են տեղի ունեցել 2020 թվականի հուլիսի 12-ին՝ Թովուզի ուղղությամբ»։ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել էր, որ հանդես է գալիս իրավիճակի քաղաքական կարգավորման օգտին՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա»:

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում, ահա, Շավարշ Քոչարյանը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այսօր էլ հաղորդվեց հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու մասին։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։

Ադրբեջանը երեկ հայտնել էր իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին։ Քիչ առաջ Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնել է, որ հայկական Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։ Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին։

Ցավոք, հակառակորդի արձակած կրակից հայկական կողմը զոհ ունի․ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть