«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ կտրամադրի հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված ու նախօրեին պաշտպանության նախարարության (ՊՆ) կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքին։ Հիմնադրամից տեղեկացնում են, որ հատուցումները առաջիկա 20 տարվա համար են։ Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից ավելի վաղ հայտնել էին, որ հատուցումներ կտրամադրեն նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետևանքով Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը՝ առավել հայտնի «1000 դրամների» հիմնադրամ, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։ Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։ Այս տարեսկզբից «1000 դրամների» հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին:
Հիմնադրամի նորությունների բաժնից տեղեկանում ենք, որ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ․ կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ, շուրջ 268,700,00 ՀՀ դրամի չափով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը