«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է, որ նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին մեր կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ.
- Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
- Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
- Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
- Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
- Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
- Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը՝ առավել հայտնի «1000 դրամների» հիմնադրամ, ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017թ.-ի հունվարի 1-ից։
Զինվորների կյանքի ապահովագրման Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում աշխատող անձանց կողմից յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000–ական դրամներից, ինչպես նաև անհատների նվիրաբերումներից։
Այս տարեսկզբից «1000 դրամների» հիմնադրամը փոխհատուցում է տրամադրում 1998 թ.-ից մինչ օրս տեղի ունեցած դեպքերից տուժածների հարազատներին:
Հիշեցնենք՝ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին ծավալված մարտական գործողությունների ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա:
Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից պաշտոնական տվյալներով զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, այդ թվում՝ երկու սպա: Այսօր Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմը մոտ երկու տասնյակ վիրավորներ ունի: Այս պահին բուժում ստացող 10 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ՀՀ նախագահի հրամանագրերով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ զինված ուժերի զինծառայողներ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը հետմահու պարգևատվել են:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը