Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։
Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
«Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,-եզրափակել է գրառումը ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այսօր էլ հաղորդվեց հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու մասին։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ Երեկ 18:00-ից սկսած սահմանում համեմատաբար իրավիճակը հանգիստ է:
Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են՝ Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը:
Ցավոք, հակառակորդի արձակած կրակից հայկական կողմը 4 զոհ ունի․ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Ընդհանուր առմամբ, հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմն ունեցել է ընդհանուր մոտ երկու տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև երկու ոստիկանները։ Այդ մասին այսօր Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վիրավորների կեսը թեթև, աննշան վնասվածքներ են ունեցել, մեկ-երկու ժամ հետո վերադարձել են շարք իրենց խնդիրը կատարելու»,-նշեց նա։
Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը