Սփյուռքն այս օրերին ի ցույց դրեց՝ մենք մեկ ամբողջություն ենք, ընտանիք, ոգի և մեկ ինքնություն. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Սփյուռքն այս օրերին ի ցույց դրեց՝ մենք մեկ ամբողջություն ենք, ընտանիք, ոգի և մեկ ինքնություն. Փաշինյան

2020-07-23 16:11 , Политика, 873

Սփյուռքն այս օրերին ի ցույց դրեց՝ մենք մեկ ամբողջություն ենք, ընտանիք, ոգի և մեկ ինքնություն. Փաշինյան

«Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է»,-կառավարության այսօրվա նիսստի մեկնարկին անդրադառնալով հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, որի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել։

Դա, ըստ Փաշինյանի, այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի ու Արցախի դեմ ուղղորդելու համար:

Այս ամենի ֆոնին՝ վարչապետը, իր գնահատմամբ, մի քանի կարևոր արձանագրումներ է արել

«Նախ՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են:

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեց:

Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով: Եվ հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը: Երբ ասում եմ ուժերի իրական հարաբերակցություն՝ նկատի չունեմ միայն սպառազինությունների և Զինված ուժերի քանակը, այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը:

Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին: Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն: Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը:

Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և Զինված ուժերին: Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և սթափությունը: Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»:

Նշենք՝ այս օրերին, երբ սահմանին հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է իրավիճակը, արտերկրում ապրող հայերն ընդդեմ Ադրբեջանի բողոքի ակցիաներ են իրականացնում։ Որոշ տեղերում դրանք բախվում են ադրբեջանցիների սադրանքին՝ ստանալով համապատասխան արձագանք։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть