Ադրբեջանցիները միջամտել են լոսանջելեսահայերի խաղաղ ակցիային՝ ստացել մարմնական վնասվածքեր ու փախել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները միջամտել են լոսանջելեսահայերի խաղաղ ակցիային՝ ստացել մարմնական վնասվածքեր ու փախել

2020-07-22 18:42 , Общество, 1403

Ադրբեջանցիները միջամտել են լոսանջելեսահայերի խաղաղ ակցիային՝ ստացել մարմնական վնասվածքեր ու փախել

«Մենք ուզում ենք խաղաղություն», «Արդարության վերականգնում»․ Լոս Անջելեսի հայությունն այս գրությամբ պաստառներով խաղաղ ակցիա է իրականացրել Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ։ Տեղի հայերը խաղաղ ակցիան «Հայաստան-Հայաստան» վանկարկումներով, երգ ու պարով տոնի են վերածել։

«Եկել ենք ասելու, որ հայ ժողովուրդը միակամ է, հայ ժողովուրդը հայրենիքի կողքին է, սահմանին կանգնած բոլոր տղաների կողքին է։ Մենք ուզում ենք, որ ադրբեջանական այս շենքում գտնվողները հասկանան, որ մենք լուռ չենք մնալու,-այդ մասին լրագրող Վրույր Թադևոսյանի հետ զրույցում նշել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակի համայնքային կապերի տնօրեն Վերժինե Թուլումյանը՝ ընդգծելով,-վստահ եմ, որ եթե 2016-ի քառօրյա պատերազմից հետո միջազգային հանրության խոսքերն ավել հզոր լինեին և ասեին, որ ագրեսորը Ադրբեջանն է՝ մենք այսօր այստեղ չէինք հասնի»։

Լոս Անջելեսի հայ համայնքի տոնախմբության վերածված խաղաղ ակցիան, սակայն, ընդհատվել է միջադեպով․ ադրբեջանցիները հայտնվելով տարածքում՝ փորձել են սադրանքների դիմել։

«Վերջ տվեք ագրեսիային», «Վերջ տվեք օկուպացիային» կոչերից զատ՝ նրանք հարվածել են հայ աղջիկներին և նրանց մեքենաներին, որից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Մարմնական վնասվածքներ ստանալով՝ ադրբեջանցիները փախել են տարածքից: Մարմնական վնասվածքներից չեն խուսափել նաև հայերը:

Մանրամասները՝ «Ռադիո Վան»-ի աղբյուրի տրամադրած տեսանյութում։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից սկսած Ադրբեջանը ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:

Սահմանին լարվածությունը թուլացել էր հուլիսի 14-ին՝ 18:00-ից սկսած, սակայն, հուլիսի 16-ին՝ շուրջ 24-ժամյա դադարից հետո գիշերը՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Հուլիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական։

Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են՝ Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի, մոտ երկու տասնյակ վիրավորներ: Այս պահին բուժում ստացող 10 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Նախօրեին՝ հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Դիվերսիոն փորձի տապալումից հետո՝ գիշերը սահմանին հարաբերական անդորր է եղել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть