Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:
Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։
Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ:
Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:
Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»,-մանրամասնում է ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՊՆ խոսնակի արձանագրմամբ՝ չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չեն եղել, այնուամենայնիվ, Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ոտնձգությունների, դիվերսիոն հարձակումից հետո վերջին օրերին սահմանին հարաբերական անդորր էր:
Նշյալ ժամանակահատվածում հակառակորդի ոտնձգությունների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում 30 քրեական գործ է քննվում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը