Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեից, մասնավորապես, տեղեկացնում են.
«Հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնների պահպանման նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են առանց պաշտպանիչ դիմակի քաղաքացու, մոտեցել են վերջինիս և պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ դիմակ չկրելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Քաղաքացին հայտնել է, որ չունի անձը հաստատող փաստաթուղթ և փորձել է հեռանալ՝ չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների՝ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը նշված վայրում մնալու՝ նրանց օրինական պահանջներին:
Այնուհետև, շարունակելով չենթարկվել, քաղաքացին ոստիկանների նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն. ձեռքերով հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկի ձեռքին և դեմքին, ապա՝ քաշքշել նրանց համազգեստները՝ պոկելով նույնականացման տարբերանշանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել և հարցաքննվել է դեպքի շուրջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Հունիսի 17-ից քաղաքացիները բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է ոչ միայն կրեն դիմակներ, այլև՝ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։
Պահանջը խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության, սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ է:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը