Դիմակի պարտադիր կրումը մայիսի 25-ից. չկրելու համար տուգանքի նվազագույն շեմը 100 հազար դրամ է - RadioVan.fm

Онлайн

Դիմակի պարտադիր կրումը մայիսի 25-ից. չկրելու համար տուգանքի նվազագույն շեմը 100 հազար դրամ է

2020-05-14 20:49 , Общество, 2477

Դիմակի պարտադիր կրումը մայիսի 25-ից. չկրելու համար տուգանքի նվազագույն շեմը 100 հազար դրամ է

«Մայիսի 25-ից պարտադիր է դառնալու հանրային բաց և փակ վայրերում դիմակների (տնային պայմաններում ինքնաշեն պատրաստված դիմակների) կրումը` չկատարողները կտուգանվեն ոստիկանության կողմից»,-այդ մասին այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ դիմակ չկրելու դեպքում նախատեսված գումարի սահմանաչափի վերաբերյալ հարցին՝ Ավինյանն ասաց.

«Տուգանքի չափը սկսվում է 100 հազար դրամից: Այո՛, միգուցե գումարի չափը բավական բարձր է, բայց որպեսզի հասկանանք վտանգավորության աստիճանը… ես ուզում եմ մեր վերաբերմունքը փոխենք առհասարակ: Պետք է մտածել ոչ թե տուգանքի, այլ չվարակվելու և չվարակելու մասին»:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե նույն շարֆը, որը մարդը կարող է փաթաթել ու դուրս գալ, արդյո՞ք կհամարվի ինքնաշեն դիմակ, Տիգրան Ավինյանը դրական արձագանքեց:

«Նույն շարֆը կարող է լինել ինքնաշեն դիմակ, կամ մեկ այլ կտորից որևէ բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակել»,-պարզաբանեց Ավինյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 18-ից ամբողջությամբ վերագործարկվելու է հանրային տրանսպորտը, երթուղայիններում դիմակ դնելու պահանջը կգործի մայիսի 18-ից:

Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արտակարգ դրության պայմաններում ոչ թե պետք է գնան սահմանափակումների խստացման, այլ կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոնացման ճանապարհով, այն է՝ յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակում պետք է մասնակցի այդ պայքարին:

Ազգային ժողովի հատուկ նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть