Պառլամենտարիզմի կայացմանը չխոչընդոտելու նպատակով Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում Սահմանադրական դատարան 1 տարի առաջ ներկայացրած դիմումները - RadioVan.fm

Онлайн

Պառլամենտարիզմի կայացմանը չխոչընդոտելու նպատակով Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում Սահմանադրական դատարան 1 տարի առաջ ներկայացրած դիմումները

2020-06-25 20:13 , Право, 1514

Պառլամենտարիզմի կայացմանը չխոչընդոտելու նպատակով Քոչարյանն ու փաստաբանները հետ են վերցնում Սահմանադրական դատարան 1 տարի առաջ ներկայացրած դիմումները

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր, Սահմանադրական դատարանի (ՍԴ) բակում լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է, որ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել են և որոշել հետ վերցնել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի առնչությամբ մոտ մեկ տարի առաջ ՍԴ ներկայացրած դիմումները:

Արամ Օրբելյանի խոսքով՝ որոշումը կապված է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշման հետ, որը ՍԴ դիմելը կապել է Քոչարյանի գործի քննության հետ։

Հիշեցնենք՝ երեկ նշյալ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ այժմ չեն միանա ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության` Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը վիճարկելու դիմումին, և ՍԴ կդիմեն բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության, որի մեկնարկը նախանշված էր հուլիսի 7-ին, ավարտից հետո:

«Ռոբերտ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացմանը որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները: Մենք չենք ուզում որևէ կերպ որևէ առնչություն ունենալ սահմանադրական կարգի տապալման հետ, ինչպես որակում են տարբեր շրջանակներ այս վերջին իրադարձությունները»,-ասել է Արամ Օրբելյանը և լրագրողի դիտարկմանը, թե իրենց համար սկզբուքնային հա՞րց էր, որ ՍԴ-ն այս կազմով քննի իրենց դիմումները՝ արձագանքել.

«Սա ՍԴ-ի կազմի հետ կապված հարց չէ, ինչ կազմ ուզում է, թող քննի, մենք տեսնում ենք, որ ֆրակցիաներից մեկը Սահմանադրության երաշխավորման և պառլամենտին տված իրավունքներն ու պարտականությունները ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտեմ ինչու, կապել է մեր գործի քննությամբ, և մենք ասում ենք՝ եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք, մեզնից հասանելիքը անում ենք. այլ գործիքակազմ, քան դիմումը հետ վերցնելն է, չունենք»:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի կազմը վաղվանից փոխվում է. Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի, պաշտոնանկ կլինեն ՍԴ 9 դատավորներից 3-ը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ Սահմանադրության 72, 73, 78 և 79 հոդվածներին համապատասխանության հարցով հետ վերցնելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացրել Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:

Դիմումն ամբողջությամբ՝ ստորև.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

ԴԻՄՈՂ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ

ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1,606

ԴԻՄՈՒՄ-ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

(«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

Բարձր Դատարան,

Սույնով Ձեզ է ներկայացվում, միջնորդություն (դիմում) 2019 թվականի մայիս և հունիս ամիսներին իմ կողմից որպես Ռ.Ս. Քոչարյանի ներկայացուցիչ՝ լիազորագրի հիման վրա որը գործում առկա է, ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու և նույն դրույթի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումները, որոնք 2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴԱՈ-60 և 61 աշխատակարգային որոշումներով վարույթ էին ընդունվել՝ հետ վերցնելու վերաբերյալ:

Ի թիվս այլի սույն դիմումի հիմք է հանդիսանում՝ սահմանադրական վերահսկողության սուբյեկտների կողմից իրենց սահմանադրական պարտականության կատարման, Սահմանադրության գերակայության երաշխավորման նպաստելու սահմանադրական պարտականության կատարման առկախումը սույն գործի քննությունից:

Մասնավորապես ս.թ. հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Է. Մարուքյանը և Տ. Սիմոնյանը հայտարարեցին, որ կմիանան Սահմանադրական դատարան դիմելու պագամավորական նախաձեռնության գործընթացին /միաժամանակ որակելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտը ակնհայտ հակասահմանադրական/ միայն Սահմանադրական դատարանում Ռ.Ս. Քոչարյանի գործի քննության ավարտից հետո: Անընդունելի են նման շահարկումները սահմանադրական պարտականությունների կատարման հաշվին:

Միջնորդության իրավական հիմքը հանդիսանում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները համաձայն որի՝ «Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը...» և դրա իրացման համար նշյալ հիմնավորումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով դիմում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումները հետ վերցնելու խնդրանքով:

ԴԻՄՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝

Ա. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ, ի.գ.թ.

25.06.2020թ.»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть