Ազգային ժողովն այսօր 89 կողմ, 0 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների մեկ քառորդի՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորների հեղինակած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը, որի առաջին ընթերցմամբ քննարկումը մեկնարկել էր այսօր 13:00-ին:
Օրինագծի ընդունմամբ դադարեցվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) 9 դատավորներից 3-ի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:
Գործող օրենքով Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ուղարկվում է ստորագրման ՀՀ նախագահին, այդ կարգավորումը հանվել է, և ըստ ընդունված փաթեթի՝ սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարում է ԱԺ նախագահը:
Նշենք՝ այսօր նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ նիստերին։ Նշվել էր, որ այդ նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում, և հաստատվում է բռնապետություն։
Նիստի մանրամասները՝ տեսանյութերում:
Նախագծի ընդունմանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի:
Ընդունվեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:
Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը