Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Այդ մասին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ անձամբ հայտնել է հայտնել է Արարատ Միրզոյանը:
Նկատենք՝ այսօր ուժի մեջ մտան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները, որն էլ, ըստ էության, հնարավորություն տվեց Ազգային ժողովի նախագահին հրապարակել այն:
Փոփոխությունները, համաձայն որոնց՝ Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ, իսկ ՍԴ 9 անդամից 3-ը (Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Ալվինա Գյուլումյան), որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է, թոշակի կգնան, ուժի մեջ կմտնեն հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 26-ի ժամը 00։01-ից։
Հիշեցնենք՝ վերոնշյալ օրինագիծը Ազգային ժողովն ընդունել է հունիսի 22-ին: Այն հեղինակել էր իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեկ քառորդը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը (ԲՀԿ) հայտարարել է, որ մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։
Նախօրեին «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, թե նախագահ Սարգսյանը, ստորագրելով իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, անվերականգնելի վնաս է հասցրել ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը