Նախագահ Սարգսյանը, ստորագրելով իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, անվերականգնելի վնաս է հասցրել ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը․ «Մեկ Հայաստան» - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը, ստորագրելով իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, անվերականգնելի վնաս է հասցրել ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը․ «Մեկ Հայաստան»

2020-06-24 17:34 , Политика, 1167

Նախագահ Սարգսյանը, ստորագրելով  իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, անվերականգնելի վնաս է հասցրել ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը․ «Մեկ Հայաստան»

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագծի ընդունման, ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրեքների ստորագրմանը՝ կատարվածը որակել է որպես սահմանադրական հեղաշրջում։

Տարածած հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«ՀՀ Ազգային ժողովի հունիսի 22-ի նիստում իշխող«Իմ քայլը» խմբակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առերևույթ քաղաքական ցուցումով և ղեկավարությամբ, կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված արարք՝ տիրացել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասով եզրակացություն ներկայացնելու սահմանադրական լիազորությանը։

Այս գործողությունը կատարվել է Հայաստանի ընդդիմության, իրավական մասնագիտական հանրույթի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ գլխավոր քարտուղարի զգուշացումների և հորդորների բացահայտ արհամարհանքով, ինչը ծանր հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանն ու վարկանիշին, ինչպես նաև Հայաստանի իրավակարգի հիմքերին։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և իր կողմից ղեկավարվող ՀՀ ԱԺ«Իմ քայլը» դաշինքի ապօրինի և հակասահմանադրական գործունեությունները` ուղղված ՀՀ պետական և սահմանադրական կարգի դեմ։

Առանձնակի տարակուսանք է առաջացնում խորհրդարանական ընդդիմության որոշումը բոյկոտել ԱԺ նիստը՝ տալով հնարավորություն իշխանությանն առանց որևէ դիմադրության տիրանալ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին՝ ըստ հավուր պատշաճի չներկայացելով նաև իրենց ընդդիմադիր ընտրողների քաղաքական շահերն ու պահանջները։

Մեր համոզմամբ, խորհրդարանական ընդդիմությունը պետք է մասնակցեր այդ նիստին և հասանելի բոլոր միջոցներով սկզբունքային հետևողականությամբ արգելափակեր այդ նախագծի ընդունումը։

«Մեկ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԲՀԿ որոշումը՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ՍԴ դիմելու լիազորությունից։

Հարկ է արձանագրել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, գերարժևորելով իր սեփական նեղ քաղաքական շահը ստորադասելով ՀՀ պետական շահը, նպաստեց ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված հանցակազմն ավարտին հասցնելու իշխանության «առաքելությանը»։ Իր այս քայլով«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մեր գնահատմամբ, դադարեց լինել խորհրդարանական ընդդիմություն և ստացավ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակ և իր կողմից կատարված հանցագործությունների համար համապարտ պատասխանատվություն։

Առանձնակի մտահոգիչ էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդեգրած դիրքորոշումը։«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրում է, որ Նախագահ Արմեն Սարգսյանը, ստորագրելով«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, փաստացի դադարեցրեց ՀՀ նախագահի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ Սահմանադրությանը պահպանման լիազորությունը՝ անվերականգնելի վնաս հասցնելով ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը։

Ամփոփելով վերը նշվածը,«Մեկ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես սահմանադրական հեղաշրջում»։

Հիշեցնենք՝ այս երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Ազգային ժողովը (ԱԺ) 89 կողմ, 0 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների մեկ քառորդի՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորների հեղինակած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը, որի առաջին ընթերցմամբ քննարկումը մեկնարկել էր նույն օրը 13:00-ին, և որի քննարկումներին չմասնակցեց խորհրդարանական ընդդիմությունը: Օրինագծի ընդունմամբ դադարեցվում է Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի լիազորությունները, իսկՍահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ը ուղարկվում են թոշակի:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ստորագրեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությամբ, Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը (ԲՀԿ) երեկ հայտարարեց, որ մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Մինչդեռ, այսօր պարզ դարձավ, որ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը գործընկերներին այդ հարցում այս փուլում չի սատարի, ըստ էության անհնար դարձնելով ԲՀԿ խմբակցության՝ ՍԴ դիմելու քայլը, քանի որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, մինչդեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը խորհրդարանում 25 պատգամավոր ունի։

Այսօր առավոտյան կայացած ասուլիսի ժամանակ Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այժմ չեն միանա ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիմումին, և ՍԴ կդիմեն բարձր դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո:

Նախկին նախագահի դիմումի քննությունը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть