Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգին է նվիրաբերել 57 հիվանդանոցային ֆունկցիոնալ մահճակալ՝ ներքնակներով, բարձերով և վերմակներով հանդերձ:
Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ Կազմակերպությունը նաև տրամադրել է ավելի քան 20 կաթիլային ներարկման շտատիվներ, քլորի փոշի և ձեռնոցներ:
Նշվում է, որ օգնության նպատակը առողջապահական համակարգին աջակցելն է, ինչը նաև կարող է նպաստել բուժական կառույցների COVID-19 համաճարակին դիմակայելու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն այս պահի դրությամբ 110 է, որից 77-ը՝ աոողջացած։
Հայկական երկրորդ հանրապետությունում հայտարարված է արտակարգ իրավիճակ, որն ուժի մեջ է մինչև հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Վիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայկական երկրորդ հանրապետություն մուտքը խստացվել է, ըստ նոր կարգի՝ Արցախի սահմանը թույլատրվում է հատել միայն COVID-19-ի բացասական թեստի առկայության դեպքում: Հունիսի 15-ից Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ, որտեղ Արցախ այցելել ցանկացող չթեստավորված քաղաքացիները կարող են տեղում թեստավորվել։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը