Այսօրվանից՝ հունիսի 15-ից, Արցախի բոլոր հսկիչ անցակետերում գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ հայկական երկրորդ հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել՝ եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի կամ արագ թեստի պատասխանները:
Նշվում է, որ արդեն տեղադրված են տերմինալները, որով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեստավորվել:
Հիշեցվում է, որ այսօրվանից Արցախի Հանրապետություն կարող են մուտք գործել պարետի թույլտվություն ունեցող և թեստավորված քաղաքացիները:
Հիշեցնենք՝ հունիսի 8-ին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց Արցախում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստացնելու մասին, որի շրջանակում հայտարարվեց, որ Արցախի սահմանը կթույլատրվի հատել միայն նոր կորոնավիրուսի (Covid-19) բացասական թեստի առկայության դեպքում:
Արցախում, որտեղ ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ, կորոնավիրուսային հիվանդության հաստատված 78 դեպք կա, որից 54-ը՝ առողջացած, այս պահին մեկուսացված է 116 քաղաքացի, թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1373 նմուշառում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը