Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:
Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:
Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար»,-գրել է նախարարը՝ նկատելով՝ բոլորն ամենուր անխտիր պետք է կրեն բժշկական դիմակ, հաճախ լվանան կամ ախտահանեն ձեռքերը, պահպանեն 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից:
Նշենք՝ Հայաստանում վերջին մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 544-ով՝ հասնելով 18 033-ի, որից 6 814-ը ապաքինված, 302-ը՝ մահվան ելքով:
Հաշվի առնելով, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչպես նաև այն, որ hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ այս օրերին դիմակների կրումը հանրային փակ և բաց վայրերում պարտադիր է, պահանջը խախտողների համար վարչական պատասխանատվություն է սահմանված, տուգանքի սահմանաչափը 10 000 դրամ է։
Այսօրվանից, դիմակի կրման պարտադիր պահանջի հետ մեկտեղ, դրսում գտնվելիս պարտադիր է նաև ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։ Որոշումն ընդունվել է հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ինչպես երեկ ընդգծել էր ՀՀ վարչապետը՝ անձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրը առանձին-առանձին կենթարկվի տուգանքի։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը
Լուսանկարը՝ Sputnik-ի