Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ այսօր տեղի ունեցող իրադարձություններին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կարևոր արձանագրում.
◆ ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։
◆ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։
Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, նա ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության, ԱԱԾ շենքի առջևից բերման են ենթարկվել նրա տասնյակ աջակիցներ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կատարվածը որակել է «իրավական տեռոր»՝ տարածած հայտարարությունում նշելով, որ «Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով, որ սարերի հետևում չեն սոցիալական ծանր խնդիրները՝ ՀՀ իշխանությունները որդեգրել են ընդդիմախոսներին ամեն գնով լռեցնելու քաղաքականություն»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը