Հայաստանում, հնարավոր է, դիմակները վաճառվեն ավտոմատ ապարատներից․ Պարետատունը քննարկում է հարցը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում, հնարավոր է, դիմակները վաճառվեն ավտոմատ ապարատներից․ Պարետատունը քննարկում է հարցը

2020-05-25 15:28 , Общество, 1497

Հայաստանում, հնարավոր է, դիմակները վաճառվեն ավտոմատ ապարատներից․ Պարետատունը քննարկում է հարցը

Հայաստանի պարետատունը քննարկում է դիմակները ավտոմատ ապարատների միջոցով վաճառելու հարցը․ այդ մասին այսօր ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը՝ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ։

Նա տեղեկացրել է, որ ավարտել են շուկայում դիմակների հետ կապված խնդիրների վերաբերյալ ուսումնասիրությունը:

«Վաղը, կարծում եմ, հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը։ Հետևյալ երևույթն է տեղի ունեցել. մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք մեծածախ և մանրածախ վաճառք իրականացնող բոլոր 7 խոշոր ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունները։

Նախ՝ ներկրման արժեքը մոտ 10 անգամ թանկացել է, բայց, բացի դրանից, մի հատ մեծածախ ձեռքբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, մի հատ էլ մանրածախ վաճառքի կետում է մարժա կիրառվում»,-նշեց է Գևորգյանը՝ հավելեով, որ ՀՀ-ում արտադրված դիմակը տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո վաճառում են դեղատներին, այսինքն՝ 2 մարժա է կիրառվում։

ՏՄՊՊՀ նախագահը հայտնելով, որ պարետատան նիստում երեկ քննարկել են դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու գաղափարը, կարծիք է հայտնել, որ այդ պարագայում դիմակի գինը մոտ 100 դրամով կիջնի, քանի որ միջնորդներն ուղղակի դուրս կգան։

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվության» վերաբերյալ խորհրդարանական լսումների մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Հայաստանում այսօրվանից հանրային բաց և փակ վայրերում դիմակի կրումը պարտադիր է։

Այդ մասին հիշեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեսբուքյան իր էջում գրելով․ «Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որեւէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»։

Նշենք՝ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի բռնկումներին,վարչապետը հայտարարել էր, որ մասնագետների կողմից ներկայացված ուսումնասիրության համաձայն դիմակ կրելը զգալիորեն կնվազեցնի, նույնիսկ կզրոյացնի վարակի տարածումը։ Նա նշել է, որ այդ ամենից ելնելով՝ հետևյալ որոշումներն են կայացրել․

-առևտրի բոլոր մասնակիցները անկախ իրենց գտնվելու վայրից պետք է լինեն դիմակով, այսինքն` և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է կրեն դիմակ,

-ավտոմեքենաներում, որոնք ևս փակ տարածք են դիտարկվում, մեկից ավելի անձանց առկայության դեպքում դիմակի կրելը պարտադիր է լինելու բոլորի համար:

Փաշինյանը միաժամանակ հորդորել էր փողոցներում ծանոթներին հանդիպելիս պահպանել սոցիալական հեռավորություն, շփվել միայն դիմակներով, ձեռքերը պարբերաբար ախտահանել:

Հավելենք, որ առանց դիմակի շրջող մարդիկ կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ սահմանված տուգանքը նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով է։

Лента

Рекомендуем посмотреть