«Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի քաղաքական պաստառ տալ մեր պայքարին»․ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած մասնագետները կրկին փողոցում են - RadioVan.fm

Онлайн

«Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի քաղաքական պաստառ տալ մեր պայքարին»․ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած մասնագետները կրկին փողոցում են  

2020-03-05 17:44 , Общество, 2301

«Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի քաղաքական պաստառ տալ մեր պայքարին»․ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած մասնագետները կրկին փողոցում են

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրած տասնյակ մասնագետներն, ովքեր տևական ժամանակ է բողոքի ակցիաներ են անցկացնում՝ անընդունելի համարելով Կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորելու կառավորության որոշումը, այսօր կրկին կառավարության շենքի առջև էին։ Առղջապահության նախարարի վերջին երկու ելույթներից հետո նրանից ոչինչ այլևս չեն ակնկալում և ցանկությունը մեկն է՝ անձամբ հանդիպել վարչապետի հետ։

Նախարար Արսեն Թորասյանի՝ նախօրեին Ազգային ժողովում ունեցած ելույթում հնչեցրած խոսքերը մասնագետներն ապատեղեկատվություն են որակում։ Նշում են՝ կարծիք է ձևավորվում, թե իրենք պայքարում ենք նախկին տնօրենին վերադարձնելու համար, այնինչ, ընդգծում են, իրենք այդ մասին որևէ անգամ չեն խոսել:

«Երբ նրան առանցքային հարցադրում են անում՝ արդյո՞ք ներկայացվել է արդյունավետության, ծախսարդյունավետության գնահատում, ու պատասխանը լինում է, որ այս պահին մասնագիտական քննարկումներ պետք չեն, դա ես որակում են որպես անհարգալից վերաբերմունք»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց բժիշկ-լաբորանտ Արշակ Պապոյանը՝ նշելով, որ քաղաքականություն մշակողը, գոնե, այդ հարցին պետք է պատասխանի։

«Երեկ տեսանք Ազգային ժողովում, որ նախարարը սուտ էր խոսում, նման պահանջ, որ մենք մեր նախկին տնօրենին ենք ուզում՝ երբեք չենք դրել։ Մենք այս քայլով մեր կառավարությանը դեմ չենք գնում, մեր վարչապետի կողքին ենք եղել հեղափոխության առաջին օրից սկսած ու հիմա էլ շարունակում ենք հեղափոխական կեցվածքով մեր ճիշտը տեղ հասցնել, քանի որ այլ ճանապարհ չենք տեսնում։ Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի քաղաքական պաստառ տալ, մերժված կուսակցությունները հանկարծ չմտածեն, որ սրանով իրենց ջրաղացին ջուր ենք լցնում, երբեք»,-մեզ հետ զրույցում շեշտեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» բժիշկներից Տաթև Սարհատյանը՝ նշելով, որ հասկանում է, որ փողոց դուրս գալը բժիշկներին հարիր քայլ չէ, սակայն ստիպված են այդ քայլին գնում։

Նշենք՝ ընդդեմ «Նորք» ինֆեկցիոնին միավորվելու կառավորության որոշման՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ինը տասնյակից ավելի մասնագետներ (Կենտրոնը շուրջ 108 աշխատակից ունի-խմբ․) աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:

Մեր այն հարցին, թե ինչ են անելու, եթե, այնուամենայնիվ, դրանք ստորագրվեն, Արշակ Պապոյանն ասաց․

«Ես այն մասնագետն եմ, որ իմ տեղը կգտնեմ, աշխատանք կգտնեմ, դա չի հարցը, ես սրտացավ եմ գործող կառույցի ճակատագրի համար»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть