Ինֆեկցիոնին միավորվելուն դեմ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրած ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների թիվը անցել է 90-ից․ ԱԺ-ից միավորման որոշման չեղարկումը չեն բացառում - RadioVan.fm

Онлайн

Ինֆեկցիոնին միավորվելուն դեմ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրած ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների թիվը անցել է 90-ից․ ԱԺ-ից միավորման որոշման չեղարկումը չեն բացառում  

2020-03-02 18:52 , Общество, 2099

Ինֆեկցիոնին միավորվելուն դեմ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրած ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների թիվը անցել է 90-ից․ ԱԺ-ից միավորման  որոշման չեղարկումը չեն բացառում

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տասնյակ աշխատակիցներ այսօր Ազգային ժողովի դարպասների առջև էին։ Պահանջը կրկին նույնն է․ մասնագիտական քննարկում անցկացնել՝ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորելու կառավորության որոշման առնչությամբ։

Նշենք՝ աշխատակիցները մինչ այս խնդրի մասին բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև, սակայն՝ ապարդյուն։

«Թե՛ առողջապահության նախարարի, թե՛ վարչապետի հետ այդպես էլ չհաջողվեց քննարկել հարցը։ Վարչապետի պատուհանի տակ էինք մի քանի ժամ, հանդիպում չեղավ»,-շեշտում է բժիշկ-համաճարակաբանը Ռուբեն Հովհաննիսյանը։

Փետրվարի 28-ին Համաճարակաբանության հսկողության բաժնի արդեն նախկին վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ընդդեմ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորվելու կառավորության որոշման՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 75 աշխատակիցներ (Կենտրոնը շուրջ 108 աշխատակից ունի-խմբ․) աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Այսօր նրանց թիվը գերազանցում է ինը տասնյակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած մասնագետների բողոքի ակցիային զուգահեռ ՀՀ ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով քննարկում էր ընթանում, որին ՀՀ առողջապահության նախարարի փոխարեն ներկա էր նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը։

Թե ի՞նչն է հիմք դարձել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման որոշման համար՝ Լուսինե Քոչարյանն ասաց․

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը հիվանդների ստացիոնար բուժում չի իրականացնում, այսպես թե այնպես, ստացիոնար բուժումը, այդ թվում՝ ՄԻԱՎ-ով վարակակիրների, անցկացվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Գրասենյակն իրականացնում է ծրագրի վարումը, լաբորատոր հզորություն ունի, այնտեղ են գտնվում դեղագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ և այլն, որոնք ավելի շատ հետևում են հիվանդներին մինչ ստացիոնար բուժումը։ Սա ավելի շատ ծրագրային, գրասենյակային աշխատանք է, որտեղ կատարվում են վերլծություններ, գիտահետազոտական, լաբորատոր աշխատանք: Չեմ կարծում ՊՈԱԿ-ը միավորելով ստացիոնարին, որևէ բան տուժելու է, շենքը մնալու է նույն տեղում, անձնակազմն ու ծառայությունները մնալու են նույն տեղում: Ընդամենը ղեկավարությունը, կառավարումը, հաշվապահությունը միավորվելու է, լինելու է մեկ տնօրեն, մի քանի փոխտնօրեն: Նմանատիպ փորձ կար. Տուբերկուլյոզի ազգային ծրագրերի գրասենյակը միացավ ստոցիոնարին, ինչի արդյունքում ծառայությունները բարելավվեցին, հիվանդները միայն շահեցին»:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը երբևէ այս փորձը հաշվի չիառել, միշտ ընդդիմացել է որևէ ինտեգրման գործընթացի, սակայն հասունացել է այն պահը, որ փորձում են կառավարումը դարձնել կենտրոնացված, ծառայությունները՝ ապակենտրոնացված:

Խորհրդարանում հարցի քննարկումից հետո ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստացված տեղեկությունները կվերլուծեն և դրանից հետո կդիմեն կառավարություն՝ որոշումը չեղարկելու կամ նույնը թողնելու համար։ Այսինքն, անկախ կառավարության՝ արդեն իսկ կայացրած որոշումից, իրենք ուսումնասիրելու են հարցը և չի բացառվում՝ որոշումը չեղարկվի։

Лента

Рекомендуем посмотреть