«ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը սպառնալիք է»․ բուժաշխատողները՝ բարձրաձայնում են, նախարարը՝ հակափաստարկներ բերում - RadioVan.fm

Онлайн

«ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը սպառնալիք է»․ բուժաշխատողները՝ բարձրաձայնում են, նախարարը՝ հակափաստարկներ բերում  

2020-02-27 16:12 , Общество, 2381

«ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը սպառնալիք է»․ բուժաշխատողները՝ բարձրաձայնում են, նախարարը՝ հակափաստարկներ բերում


«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տասնյակ աշխատակիցներ այսօր կառավարության շենքի առջև էին՝ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորելու կառավորության որոշման առնչությամբ մասնագիտական քննարկում անցկացնելու պահանջով։

Հիշեցնենք՝ կառավարությունն այս տարվա հունվարի 30-ի նիստում ընդունեց Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միավորելու որոշում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներն ընդգծում են՝ կենտրոնը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի միավորումը հանգեցնելու է աղետալի հետևանքների։

Աշխատակիցները միանգամայն անհիմն են համարում նախարարության հիմնավորումը, թե՝ նշյալ միացումն իրականացվում է ծառայությունների կրկնօրինակումների վերացման ու արդյունավետության բարձրացման նպատակով։ Նշում են՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի գործառույթները և տրամադրվող ծառայությունները եզակի են:

«ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում չկան կրկնվող ծառայություններ և միացումը որևէ կերպ չի բարձրացնելու դրանց արդյունավետությունը, այլ ընդհակառակը, համաձայն փորձագիտական կարծիքի բերելու է դրա կտրուկ անկման»,-նշում են նրանք՝ հավելելով, որ միավորման որոշմամբ «փլուզման եզրին է հասցվում արդյունավետ գործող համակարգ»:

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները անհիմն են համարում նաև բուժկենտրոնները միավորելու նախարարության այն հիմնավորումը, թե ՄԻԱՎ վարակով պացիենտների նկատմամբ առկա խտրական վերաբերմունքին որոշակիորեն նպաստում է նաև այդ վարակի ախտորոշումը և բուժումը միայն ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում իրականացնելը, իսկ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միացումը կնպաստի խարանի և խտրականության նվազեցմանը։

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով աշխատակիցների մտահոգություններին՝ նշել է, որ երկու ծառայությունների միավորում չի նշանակում գործող համակարգի ոչնչացում, այլ ավելի զարգացնելու միտում ունի։ Նախարարը միաժամանակ շեշտել է, որ Կենտրոնում 2004, 2005 թթ-ին ունենալով առաջին վճարվող աշխատանքը՝ շատ լավ պատկերացնում է ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի պայքարի բոլոր միջոցառումները, ինչպես նաև՝ այդ համակարգում եղած անձանց կուլիսային շահերը, հետևաբար, ըստ նախարարի, սկսված գործընթացները պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին։

Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 26-ին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Վերջինիս հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր` մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

ՁԻԱՀ-ի կենտրոնն ունի 108 աշխատակից, բուժում ստացողների թիվը ներկայում 2200-ից ավելի է, տարեկան գրանցվում է իմունային անբավարարությամբ հիվանդացության 400-450 դեպք։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть