Ինֆեկցիոնին միավորվելուն դեմ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել - RadioVan.fm

Онлайн

Ինֆեկցիոնին միավորվելուն դեմ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել

2020-02-28 18:08 , Общество, 3084

Ինֆեկցիոնին միավորվելուն դեմ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի 75 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել

Ընդդեմ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորվելու կառավորության որոշման՝ Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 75 աշխատակիցներ (Կենտրոնը շուրջ 108 աշխատակից ունի-խմբ․) այսօր աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է կենտրոնի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։

«Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ անհատների կողմից կիրառվող ճնշումները, նորից հայտնելով մեր անհամաձայնությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին միացնելու որոշմանը և չցանկանալով դառնալ դրա իրագործման արդյունքում անցանկալի հետևանքների կրողը, մենք՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոստորագրյալ աշխատակիցներս, ներկայացնում ենք աշխատանքից ազատման դիմում՝ թողնելով ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը ՀՀ առողջապահության նախարարության վրա»,-աշխատանքից ազատման հայտարարության տեքստը ընթերցել է Արշակ Պապոյանը։

Նշենք՝ երեկ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տասնյակ աշխատակիցներ կառավարության շենքի առջև էին՝ կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորելու կառավորության որոշման առնչությամբ մասնագիտական քննարկում անցկացնելու պահանջով։

Ժամեր շարունակ կառավարության շենքի առջև կանգնած մասնագետներին կառավարությունից այդպես էլ ոչ ոք չարձագանքեց, փոխարենը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Կենտրոնում 2004, 2005 թթ.-ին ունենալով առաջին վճարվող աշխատանքը՝ շատ լավ պատկերացնում է ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի պայքարի բոլոր միջոցառումները, ինչպես նաև՝ այդ համակարգում եղած անձանց կուլիսային շահերը, ուստի՝ սկսված գործընթացները պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին։

Հիշեցնենք նաև, որ հունվարի 31-ին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, նշել էին․

«Ստիպված ենք բաց նամակով դիմել Ձեզ, քանի որ հունվարի 30-ին ՀՀ կառավարության նիստին ընդունվեց Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն ՊՈԱԿ-ը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելու որոշումը:

Ինչպես գիտեք, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աշխատակիցներից 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Ձեզ հասցեագրված դիմումը վերահասցեագրվել էր ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից 2020 թվականի հունվարի 13-ին ստացվել էր պատասխան գրություն գլխավոր քարտուղարի տեղակալի անունից:

Դիմումում ներկայացված էին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աշխատակիցների մտահոգությունները կապված դեռևս անցյալ տարվանից կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ ակնկալելով Ձեր անմիջական արձագանքն ու սրտացավ աջակցությունը: Խնդիրը վերաբերում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին միացնելուն:

Ցավոք, Ձեզ հասցեագրված մեր մտահոգությունները ոչ միայն չփարատվեցին, այլ ընդհակառակը՝ ավելի խորացան: Առողջապահության նախարարությունն այդպես էլ չանցկացրեց բաց մասնագիտական քննարկումներ միացման հասցեատեր կազմակերպությունների մասնագետների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ և դարձյալ անպատասխան թողեց մեր բարձրաձայնած հարցերը:

Մասնավորապես, կրկին չներկայացվեցին նախաձեռնված գործընթացի գնահատված օգուտները, վնասները, արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, հնարավոր խնդիրները, ռիսկերը և դրանց լուծման ու հաղթահարման ուղիները: Ի վերջո, անհասկանալի մնաց նաև, թե միավորման արդյունքում ի՞նչ են շահելու պետությունը, պացիենտները, ծառայություններ տրամադրողները, ի՞նչ է ակնկալվում տնտեսել և դրա համադրությունը հնարավոր ռիսկերի հետ, որքանո՞վ է միավորումը նպաստելու տրամադրվող ծառայությունների արդյունավետության, ծախսարդյունավետության և մատչելիության բարձրացմանը, ազատվելու՞ են արդյոք շենքային տարածքներ:

Իսկ առողջապահության նախարարությունից ստացված պատասխան գրությունից տպավորություն է ստեղծվում, որ այն գրվել է առնվազն ոլորտի խնդիրներին անտեղյակ և դրանց լուծման ուղիներին չտիրապետող անձանց կողմից: Ավելին, ամբողջ գործընթացը սկսվել և իրականացվել է ոչ թափանցիկ, բացարձակապես հաշվի չառնելով մասնագետների կարծիքը և առաջնորդվելով ամբիցիաներով ու անսխալական լինելու թյուր համոզմունքով: Չնայած առողջապահության նախարարը տարբեր առիթներով հայտարարում է ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս մասնագետների կարծիքը հաշվի առնելու կարևորության և անհրաժեշտության մասին, սակայն իրականում մենք շարունակաբար բախվում ենք տրամագծորեն հակառակ մոտեցման, երբ մասնագիտների կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում, անտեսվում է, և մասնագիտական քննարկումներ կազմակերպելու մեր բոլոր առաջարկները մնում են անպատասխան:

Նաև զավեշտալի է, որ մեր կազմակերպության աշխատակիցների անունից Ձեզ ուղղված դիմումի պատասխանի կատարողը այն կազմակերպության ղեկավարն է, որը տվյալ գործընթացի շահագրգիռ կողմն է, և ակնհայտ է շահերի բախումը:

Անտեսելով այն, որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի` որպես առանձին կառույցի գոյությունն ամրագրված է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, փորձ է արվում «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միացումը տեղավորել օպտիմալացման քաղաքականության համատեքստում: Սակայն իրականում օպտիմալացման քողի տակ 30-ամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ոլորտում նշանակալի ձեռքբերումներ ապահոված, երկրին միջազգային ճանաչում բերած և ոլորտում տարածաշրջանի առաջատար կազմակերպություն դարձած ազգային նշանակության (այդ թվում Արցախի Հանրապետության համար) ՁԻԱՀ-ի ԿՀԿ ՊՈԱԿ-ի միջոցները նվիրաբերվում են ՓԲԸ-ի (շահույթ հետապնդող կազմակերպության)՝ ամբողջովին իմաստափոխելով օպտիմալացման գաղափարը և, ըստ էության, հանգեցնելով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի, որպես կարևորագույն կառույցի, լիկվիդացման:

Ընդհանուր առմամբ առողջապահության նախարարության պատասխան գրության մեջ չկա որևէ հիմնավորված փաստարկ, իսկ եղածները մտացածին են և անհիմն:

Բացարձակ հիմնազուրկ է այն միտքը, թե միավորման արդյունքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ռեսուրսները կարող են հաջողությամբ օգտագործվել նաև մի շարք այլ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում, քանի որ ներկայումս էլ դրա համար չկա իրավական կամ որևէ այլ բնույթի խոչընդոտ:

Որևէ քննադատության չի դիմանում այն միտքը, թե ՄԻԱՎ վարակին զուգորդող ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների ստացիոնար բուժման համար, որոնց թիվը չի անցնում տարեկան 50-ից, անհրաժեշտ է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն միացնել «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին: Քանի որ մի կողմից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն միայն 2019 թվականին ՄԻԱՎ վարակի բուժում տրամադրել է ավելի քան 2100 պացիենտի, իրականացրել է զուգորդող մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելում և ամբուլատոր բուժում ավելի քան 200 պացիենտի շրջանում և տարեցտարի նոր դեպքերի արձանագրմանը զուգընթաց այդ թվերն անխուսափելիորեն աճելու են: Մյուս կողմից ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ կարող են զարգանալ զուգորդող և ուղեկցող այլ հիվանդություններ (տուբերկուլոզ, ուռուցքային հիվանդություններ, բազմապիսի սոմատիկ, հոգեկան հիվանդություններ և այլն), որոնց դեպքում ստացիոնար բուժումը կազմակերպվում է համապատասխան կլինիկաներում: Այդ դեպքում ինչու չի առաջարկվում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն միացնել, օրինակ՝ տուբերկուլոզի կամ ուռուցքաբանության ազգային կենտրոններին, բազմապրոֆիլ որևէ հիվանդանոցի:

Հիմնավոր չէ այն միտքը, թե նշյալ միացումն իրականացվում է ծառայությունների կրկնօրինակումների վերացման ու արդյունավետության բարձրացման նպատակով, քանի որ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի գործառույթները և տրամադրվող ծառայությունները եզակի են: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում չկան կրկնվող ծառայություններ և միացումը որևէ կերպ չի բարձրացնելու դրանց արդյունավետությունը, այլ ընդհակառակը, համաձայն փորձագիտական կարծիքի բերելու է դրա կտրուկ անկման, ինչի փաստարկված հիմնավորումները ներկայացվել էին Ձեզ հասցեագրված մեր դիմումում, և որոնք ոչ մի կերպ չի ուզում լսել առողջապահության նախարարությունը:

Միանգամայն անհիմն է պատասխան գրության մեջ տեղ գտած այն միտքը, թե ՄԻԱՎ վարակով պացիենտների նկատմամբ առկա խտրական վերաբերմունքին որոշակիորեն նպաստում է նաև այդ վարակի ախտորոշումը և բուժումը միայն ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում իրականացնելը, իսկ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միացումը կնպաստի խարանի և խտրականության նվազեցմանը, այն դեպքում, երբ նշված գործառույթներն ըստ էության կրկին իրականացվելու են մեկ նոր ստեղծվող կազմակերպությունում:

Ելնելով վերոգրյալից, կրկին արտահայտելով մեր խորը մտահոգությունը թե՛ մեր կազմակերպության հետագա կարգավիճակի, թե՛ աշխատակիցների հետագա զբաղվածության, թե՛ ոլորտի հնարավոր մարտահրավերների, այդ թվում պացիենտներին շարունակական որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման հարցերով, խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը կասեցնելու միավորման վերաբերյալ որոշման կիրառումը և ընդունելու մեր ներկայացուցիչներին անմիջականորեն Ձեզ առավել մանրամասն ներկայացնելու խնդիրը, քանի որ առողջապահության նախարարության պատասխանատուները, ըստ էության չեն պատկերացնում իրենց նախաձեռնության բոլոր հնարավոր բացասական հետևանքներն ու ակնհայտորեն խուսափում են մասնագիտական քննարկումներից:

Կանխավ շնորհակալ ենք մեր մտահոգություններին արձագանքելու համար»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть