Հենաշարժողական խնդիրներ ունեցող գավառցի 20-ամյա մարզիկ Գևորգ Աֆրիկյանը նոր ռեկորդ է սահմանել՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155 ամյակին Զորավարի թանգարանի բակում տեղադրված հուշարձանի առջև բարձրացնելով 155 կիլոգրամանոց ծանրաքաշը։
«Ցանկություն ունեի այս տարեսկզբից կրկին ռեկորդ սահմանել: ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը առաջարկեց դա անել Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը։ Գաղափարը մարզչիս՝ Արման Հայրապետյանի հետ քննարկեցի ու միասին ջանք չխնայելով քրտնաջան պարապմունքների շնորհիվ հասանք նպատակին՝ Զորավարի ծննդյան 155 ամյակին, որպես նվեր, բարձրացնելով 155 կիլոգրամանոց ծանրաքաշը»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում պատմում է մարզիկը՝ նշելով, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող որևէ անձ դեռ չի կարողացել նման ռեկորդ սահմանել։
«Շատ հուզական պահ էր ինձ համար, զինվորական համազգեստով կարողացա հաջող ելույթ ունենալ՝ բարձր պահելով այդ համազգեստը կրելու իմ իրավունքը»,-անկեղծանում է ուժային եռամարտում 2019-ի աշխարհի գավաթը նվաճած, բազմաթիվ ռեկորդների հեղինակ մարզիկը։
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի հաստատմամբ՝ մարզիկի ռեկորդը կգրանցվի հայկական «Դյուցազնագրքում», իսկ հաջող ելույթի համար Գևորգ Աֆրկյանը «Ֆիդայիններ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանի կողմից պարգևատրվել է «Առյուծ ֆիդայի» հուշամեդալով։
Իր հաղթանակի ու գնահատանքի համար Գևորգ Աֆրիկյանը խորին շնորհակալություն է հայտնում մարզչին՝ Արման Հայրապետյանին, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, «Ֆիդայիններ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանին։
Նշենք՝ վերոնշյալը գավառցի մարզիկի՝ «Դյուցազնագրքում» ներառված միակ ռեկորդը չէ․ 2019-ի հոկտեմբերի 20-ին նա 9 մ 10 սմ ձգվող ճանապարհահատվածով չորեքթաթ քաշել էր 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով երեք մեքենա` հայաստանյան Գինեսի գրքի անալոգում սահմանելով 5-րդ ռեկորդը, որը բացառիկ էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան