«Եթե որևէ բան ի սրտե ես ցանկանում՝ ոչ մի բան խոչընդոտ չի կարող լինել, անգամ՝ ֆիզիկական խնդիրները։ Գաղտնիքը նրանում է, որ պետք է սրտով ուզես ու պայքարես դրա համար, այլ ոչ թե սպասես, որ որևէ մեկը քեզ, այսպես ասած, հաջողության բանալի կտա»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշում է ծնունդով գավառեցի Գևորգ Աֆրիկյանը, ով նախօրեին Գավառում հերթական՝ թվով 5-րդ ռեկորդն է սահմանել, որը գրանցվելու է հայկական «Դյուցազնագրքում»:
Ուժային եռամարտում սեղմում պառկած դիրքից վարժության մեջ հմտացած 20-ամյա մարզիկը 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով երեք մեքենան չորեքթաթ քաշել է 9 մ 10 սմ հատվածով, որը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում․ հենաշարժողական խնդիրներ ունեցող որևէ մարզիկ մինչ օրս նման հաջողություն չի գրացել։
Գավառում բազմության առջև ռեկորդը գրանցել է «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ով այն կուղարկի նաև Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու առաջարկով։
Աշխարի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ Գևորգը նշում է՝ իրեն ուժ են տալիս այն մարդիկ, ովքեր իր կողքին են ու հավատում են իրեն՝ ծնողները, մարզիչը՝ Արման Հայրապետյանը, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, համայնքի բնակիչները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ:
Գևորգը նշում է՝ ձգտում է նորանոր նվաճումների այն նպատակով, որ իրենով ոգեշնչվեն բոլոր նրանք, ովքեր կյանքում այս կամ այն խնդրի առաջ են կանգնած։
«Չպետք է ընկճվել որևէ իրավիճակից։ Եթե դու հայտնվել ես դրանում՝ ունես հենաշարժողական խնդիր, կամ տեսողության խնդիր, ուրեմն Բարձրյալը զգացել է, որ միայն դու կարող ես այդ իրավիճակից դուրս գալ»,-ընդգծում է Գևորգը, ով ուժային եռամարտից զատ ակտիվորեն զբաղվում է նաև ժայռամագլցմամբ, ձիավարությամբ ու սիրում է արշավել։
20-ամյա մարզիկը այս պահին որևէ բուհում չի սովորում, սակայն երեկ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանից այդ բուհում ուսանելու հրավեր է ստացել, որի մասին կմտածի։
Իսկ մինչ այդ՝ Գևորգը պատրաստվում է մասնակցել Լեհաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որից, վստահ է, հաղթանակած է վերադառնալու։
Հավելենք նաև, որ Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակից հետո Գևորգ Աֆրիկյանին այս տարվա հունիսի 5-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշել է, որ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել:
Գևորգ Աֆրիկյանի համար ավելի հարմար տեղաշարժ ապահովելու նպատակով նախագահ Սարգսյանն իր աջակցության շրջանակում նրան է նվիրել կվադրոցիկլ տեսակի փոխադրամիջոց և մարզասարք, որի վրա կկարողանան իրենց ցուցանիշները բարելավել ոչ միայն Գևորգը, այլև նրա հետ մարզվող մյուս պատանի ու երիտասարդ մարզիկները:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան