Հենաշարժողական խնդիրներ ունեցող գավառցի մարզիկը ուժային եռամարտում նվաճել է աշխարհի գավաթը․ հաղթանակը նվեր՝ քառօրյայի հերոս Արմենին - RadioVan.fm

Онлайн

Հենաշարժողական խնդիրներ ունեցող գավառցի մարզիկը ուժային եռամարտում նվաճել է աշխարհի գավաթը․ հաղթանակը նվեր՝ քառօրյայի հերոս Արմենին  

2019-12-13 20:24 , Спорт, 7470

Հենաշարժողական խնդիրներ ունեցող գավառցի մարզիկը ուժային եռամարտում նվաճել է աշխարհի գավաթը․ հաղթանակը նվեր՝ քառօրյայի հերոս Արմենին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում անցկացված XPC վարկածով պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) Աշխարհի գավաթի առաջնությունում 67 կգ քաշային կարգում, հաղթելով Հունաստանի ներկայացուցչին, հայ մարզիկ Գևորգ Աֆրիկյանը մասնակից 19 երկրների շարքում նվաճել է աշխարհի գավաթը՝ ծածանելով հայկական եռագույնը։

«Ռադիո Վանի» հետ զրույցում Գևորգը նշում է՝ Լեհաստան է մեկնել հատուկ առաքելությամբ։

«Խոստացել էի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի քրոջը Աշխարհի գավաթի առաջնությունում հաղթելու դեպքում հաղթանակս նվիրել եղբորը։ Ինձ համար առաքելություն էր դա ու ես կարողացա անել դա։ Մեծ պատասխանատվություն էի զգում ու շատ ուրախացա, որ ինձ մոտ ստացվեց»,-անկեղծանում է Գևորգը։

Հենաշարժողական խնդիրներ ունեցող 20-ամյա մարզիկը, ով կյանքում առաջնորդվում է «Եթե կարողացել են բոլորը, կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք, ես կլինեմ առաջինը» կարգախոսով, նշում է՝ ցանկացած մրցումից առաջ նահանջի տարբերակ երբեք չի դիտարկում։

«Նահանջի տարբերակ չկա, եթե որոշել եմ գնալ այդ ճանապարհը՝ գնում եմ, կամ լավ, կամ՝ ավելի լավ, և ոչ մի դեպքում՝ վատ»,-ասում է ծնունդով գավառեցի Գևորգը, ով 60 կգ քաշային կարգում 2019-ի նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Պաբիանիցե քաղաքում անցկացված ուժային եռամարտի WPA Եվրոպայի առաջնությունում նվաճել է 1-ին տեղը։

«Բոլոր մարզիկներին հավասար մարզիկ է, դեռ՝ առավել համարձակ։ Ինքը ծածանում է հայկական դրոշը, հնչեցնում հիմնը, դա էլ յուրովի ծառայություն է Հայրենիքին»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում, խոսելով Գևորգի մասին, ասում է ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը։

Իր հաղթանակների համար Գևորգը շնորհակալ է ծնողներին, մարզչին՝ Արման Հայրապետյանին, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, և ՀՀ նախագահ Արմեն Սագսյանին, ում ֆինանսական աջակցությամբ էլ հնարավոր է դարձել նրա մասնակցությունը Լեհաստանում կայացած առաջնություններին։

Հիշեցնենք՝ Գևորգի՝ ս․թ․ հոկտեմբերի 20-ին Գավառում սահմանած ռեկորդը, երբ մարզիկը 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով երեք մեքենան չորեքթաթ քաշել էր 9 մ 10 սմ հատվածով, «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի ջանքերով ուղարկվել է Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու առաջարկով։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть