Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր տարիներ շարունակ քրեական գործերի վերաբացումու արդար դատաքննություն են պահանջում, այսօր կրկին կառավարության շենքի առջև էին՝ վարչապետի հետ հանդիպելու պահանջով։
«Բոլոր կառույցների ղեկավարների ասելիքները լսել ենք։ Հիմա ասելիք ունենք վարչապետին։ Պետք է իմանա, որ բանակում սպանությունների պատճառներից են նաև չբացահայտված քրեական գործերը։ Պետք է հանդիպենք Փաշինյանի, համապատասխան կառույցների ղեկավարի հետ»,-ասացին ծնողները, որոնց կարծիքով իրավիճակի վերաբերյալ վարչապետին ճիշտ չեն զեկուցում։
«Կոծկվում են զինվորների մահվան քրեական գործերը։ Ցույց են տալիս 97 տոկոս բացահայատում, իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանը նրանց մեդալ ու պագոն է տալիս, արդյունքում ունենում ենք նոր զոհեր»,-ասաց ծնողներին միացած «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, որը, հիշեցնենք, բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի առնչությամբ «ՀՀ լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքի դատապարտմամբ»՝ այս շաբաթասկզբին կրկին կառավարության շենքի առջև էր։
Նա նշեց, որ իրենց վերջին ակցիայից հետո որոշ քայլեր արվել են իշխանության կողմից՝ եղել են պաշտոնանկություններ, հայտարարություններ, սակայն բանակում անպատժելիությունը հովանավորվում է նաև դատախազության, քննչական մարմինների կողմից, և մինչև բոլոր ոլորտներում կադրերը չփոխվեն՝ եղած կադրերով առաջ գնալու որևէ շանս չկա։
Որդեկորույս ծնողները ևս, անդրադառնալով նախօրեին նախագահի հրամանագրով Զինված ուժերի երկու պաշտոնյայի՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնանկությանը, այն բավարար չհամարեցին։
«Կոծկումների մասնակից գլխավոր դատախազը, որը դեռ պաշտոնավարում է, հիմա էլ նույն բանն է անում, քննչականում էլի շարունակում են աշխատել այն քննիչները, որոնք ժամանակին կոծկել են քրեական գործերը»,-նշեցին հավաքվածները՝ բարձրաձահնելով, այն մասին, որ «ոչ թե պետք է աշխատանքից ազատեն, այլ՝ հրապարակային պատասխանատվության ենթարկեն՝ որ մեկը քանի զինվորի գլուխ է կերել»։
Իրենց զինծառայող որդիներին կորցրած ծնողներին նաև վրդովեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Գրքի օրվա առիթով տնետուն գիրք բաժանելու ձեռնարկը։
«Փաշինյանը խոսում-խոսում, գիրք ա բաժանում, ստից թոզ ա անում, գործ ա պետք անել, հերիք էղավ, բոլ էղավ»,-բարկացած նշեց զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի հայրը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գիրք նվիրելու օրվա առիթով գնում է գիրք բաժանելու՝ ողջ ընթացքը հեռարձակելով ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Հավելենք, որ գործադիր մարմնի ղեկավարը այդպես էլ չհանդիպեց որդեկորույս մայրերին։ Փոխարենը նրանց հանդիպած օրենսդիր մարմնի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոստացավ Փաշինյանին փոխանցել նրանց պահանջը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան