Հայաստանում 2019 թվականը ուռուցքաբանության համար շատ կարևոր տարի էր․ չարորակ ուռուցքների վիրահատական բուժումը դարձավ անվճար, տարեկեսից ճառագայթային բուժումը ևս դարձավ անվճար:
Ոլորտում կատարվածի մասին այսօր՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսում բարձրաձայնել են մասնագետները։
ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ դա լուծել է շատ կարևոր սոցիալական խնդիր՝ մոտ 32 տոկոսով ավելացել է չարորակ նորագոյացությունների վիրահատությունների թիվը։ Այսպես՝ 2019-ին նշյալ կենտրոնում չարորակ ուռուցքով հիվանդների 2562 վիրահատություն է կատարվել 2018-ի 1850-ի դիմաց:
«Այդ մարդիկ նոր հիվանդներ չեն, պարզապես նախկինում ֆինանսական խնդրի պատճառով չեն վիրահատվել»,-պարզաբանել է կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։
Անդրադառնալով 2020-ին ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին՝ նշվել է, որ մարտից կրծքագեղծի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի 1-3 փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական պատվերի ծրագրի շրջանակում: Միաժամանակ, դեղատներում նշյալ դեղի մանրածախ գնի իջեցման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, որը հնարավորություն կտա պետական ծրագրում չընդգրկված կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական մետաստատիկ քաղցկեղ ունեցողների համար թիրախային բուժումը հասանելի դարձնել։
2020-ի մարտից նախատեսվում է բարձրացնել նաև ճշգրիտ ախտորոշման համար խիստ անհրաժեշտ իմունահիստոքիմիական հետազոտության հասանելիությունը․ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար` ՀՀ ԱՆ Վ. Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։
2018-ին Հայաստանում գրանցվել է չարորակ նորագոյացությունների 8441 դեպք: Վերջին երեսուն տարվա ընթացքում հիվանդացությունն աճել է 1.6 անգամ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի, ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունները:
2020-ը Հայաստանում հայտարարվել է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի տարի»։ Նշվում է, որ թոքի քաղցկեղը 67 տոկոս դեպքերում հայտնաբերում են ուշ փուլում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ հիվանդության 5 տարվա ապրելիությունը Հայաստանում 9 տոկոս է, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում 19-21 տոկոս է:
2018-ին Հայաստանում եղել է թոքի քաղցկեղով հիվանդացության 1138 նոր դեպք, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 1086 դեպք:
Հայաստանում, հավանաբար, մինչև տարեվերջ կգործարկվի քաղցկեղի ռեգիստր, որը թույլ կտա հիվանդացության, բուժելիության և մահացության հստակ վիճակագրություն ունենալ: