Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը չի պատրաստվում ընդունել «իրեն մեկնած ձեռքը» ու անցնել վաղ կենսաթոշակի:
«Իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ: Հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով: Չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից, պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Սահմանադրական դատարանի դատավոր Պետրոսյանը:
Հիշեցնենք երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը: Ըստ որի՝ մինչև փետրվարի 27-ը վաղաժամ թոշակի գնալու դիմում ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորներին մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու հնարավորություն կտրվի։ Թոշակի գնալու դեպքում ՍԴ նախագահը ստանալու է ամսական 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը՝ 1 մլն 31 հազար 784 դրամ գումար։
Օրենքների փաթեթը քննադատվել էր ըննդիմադիրների կողմից, նշվել, որ դրա ընդունմամբ «իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը»։