ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր ձայների 82 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջարկվում է կամովին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը՝ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու պայմանով։ Թոշակի գնալու դեպքում ՍԴ նախագահը ստանալու է ամսական 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրը՝ 1 մլն 31 հազար 784 դրամ գումար։
«Մենք այս կարգավորումը առաջարկելիս հիմնվել ենք միջազգային փորձի վրա և հիմնվել ենք Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշման վրա, որով առնվազն չի ամրագրվել, որ սա կհակասի որևէ սկզբունքի և լուծելու համար 2015թ․-ի փոփոխություններով Սահմանադրական նոր մոդելի դատարանը ունենալու հրամայականը»,-նախագծերի փաթեթը օրենսդիրների քննարկմանը ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ դատավորների՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրինագիծի ընդունմամբ կլուծվի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, այն հնարավորություն է պարզած ձեռքը օդում չթողնելու ու պատվով հեռանալու։
Նախագծին դեմ են քվերարկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը Տարոն Սիմոնյանը նշել է, որ այս փաթեթով օրինականացվում է անաշխատ եկամուտը և այն որևէ կերպ չի նպաստելու ճգնաժամի հաղթահարմանը: «Անընդունելի է հարկատուների հաշվին նման նախաձեռնություն ընդունելը»,-ասել է նա:
«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ էլ՝ իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը և մարդկանց, ում համարում է հանցագործ և ում պետք է գնդակահարել, պարգևատրում է։ «Սա ալոգիկ է, սա տրամաբանական չէ, էստեղ իրավական որևէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում, և բնականաբար, գնում եք քաղաքական գործարքի ճանապարհով», նշել է նա:
Պատրաստեց` Լիաննա Մարգարյանը