Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն այսօր կրկին կառավարության շենքի առջև էին՝ բաժանված երկու տարբեր ճամբարների։ Նրանց մի մասը բարձրաձայնում էր տարիներ շարունակ հնչեցրած հիմնական պահանջը՝ այն է՝ արդար դատաքննության անցկացում, քրեական գործերի վերաբացում, իսկ մյուս մասի պահանջը կառավարությունից նյութական այնպիսի աջակցության տրամադրումն է, որը համադրելի կլինի «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջնորդներին տրվելիք փոխհատուցման չափի հետ։
Հիշեցենք՝ կառավարությունը օգոստոսի 8-ի նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց, այդ թվում զոհվածների իրավահաջորդներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին նախագիծը, ըստ որի՝ զոհվածների իրավահաջորդները պետությունից 30 միլիոն դրամ կստանան, անձը, որի առողջությանը ծանր վնաս է հասցվել, կստանա15 միլիոն դրամ, իսկ այն անձը, որի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ պետությունից 5 միլիոն դրամ կստանա։ Այդ նպատակով 720 միլիոն դրամ է հատկացվել։
«Ռադիո Վան»-ի հարցին, թե, արդյո՞ք նյութական աջակցությունը կմեղմի հարազատ որդիների կորստի ցավը՝ ակցիայի մասնակից մայրերը պատասխանեցին՝ «Երբեք մեր վիշտը չի սփոփվի, բայց եթե մյուսներին տրվում է, ինչու՞ են մեզ անտեսում, մենք ուշադրություն ենք ուզում»։
Իսկ մյուս ճամբարում՝ արդար դատաքննության պահանջով գործադիրի շենքի առջև վարչապետի հետ հադիպում ակնկալող մայրերի խոսքն այս էր․ «Մեր երեխեքին սպանողները պետք է պատժվեն, ասում են՝ ինչի մեզ չեք միանում, ասում ենք՝ մենք արդարություն ենք պահանջում, ես ձեզ ինչքա՞ն գումար տամ, որ իմ երեխուն հետ բերեք ինձ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ի դեպ՝ զոհված զինծառայողների հարազատների ձեռքերում մեխակներ կային, հետաքրքրվեցին՝ ով է նվիրել, ասացին՝ անծանոթ մի տղամարդ, որը, նրանց գնահատմամբ, ավելի ուշադիր է գտնվել իրենց նկատմամբ, քան կառավարությունը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան