Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները 30 մլն դրամ փոխհատուցում կստանան - RadioVan.fm

Онлайн

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները 30 մլն դրամ փոխհատուցում կստանան

2019-08-08 13:03 , Общество, 1561

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները 30 մլն դրամ փոխհատուցում կստանան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Ըստ այդմ՝ սահմանվել է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով: Աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:

Ամրագրվել է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կկայացնի հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդ որում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը:

Լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու դեպքում՝ լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:

Որպես աջակցության ձև՝ սահմանվում է դրամական օգնությունը՝ հետևյալ չափերով.

  • ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,
  • առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ,
  • առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Շահագրգիռ քաղաքացիները Արդարադատության նախարարություն կարող են մոտենալ Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրանացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть