«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկ»-ը համալրվել է «Կամազ» մակնիշի ևս 5 աղբատարով: Մեքենաների ընդհանուր թիվն այս պահին 24-ն է:
Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Մեքենաները դեռ մատակարարողի մոտ են, ձևակերպումները անցնելուց հետո կանցնեն աշխատանքի»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքում աղբահանության կազմակերպման հարցում դժգոհելով «Սանիթեք» ընկերության աշխատանքից՝ ավագանու որոշմամբ ստեղծեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը։ Հիմնարկը կառավարության որոշմամբ մայիսի 5-ին ձեռք բերեց «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների առաջին խմբաքանակը՝ թվով 5 աղբատար, որոնք մայիսի 22-ից «Սանիթեք» ընկերությանը զուգահեռ ներգրավվեցին մայրաքաղաքի աղբահանության գործում։
Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը նախատեսում է աղբատար մեքենաների թիվը հասցնել 50-ի։
Մայրաքաղաքի սանիտարական մաքրման համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով բյուջեից լրացուցիչ 1 մլրդ 726 մլն դրամ կհատկացվի համայնքային հիմնարկին։