«Նա կորցրեց իմ վստահությունը»․ Ամուլսարի հարցով Փաշինյանի կայացրած որոշմամբ պայմանավորված՝ Գայանե Շագոյանը հրաժարվում է պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

«Նա կորցրեց իմ վստահությունը»․ Ամուլսարի հարցով Փաշինյանի կայացրած որոշմամբ պայմանավորված՝ Գայանե Շագոյանը հրաժարվում է պաշտոնից

2019-08-20 19:46 , Политика, 1646

«Նա կորցրեց իմ վստահությունը»․ Ամուլսարի հարցով Փաշինյանի կայացրած որոշմամբ պայմանավորված՝ Գայանե Շագոյանը հրաժարվում է պաշտոնից

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին` խնդրելով իրեն ազատել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից:

«Բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին: Նման վերաբերմունքով՝ թե´ հանքարդյունաբերության հարցին, թե´ խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնարին եմ համարում ներկայացնել իր կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ: Գրավոր դիմումս կուղարկեմ ըստ պահանջվող կարգի»,-մասնավորապես գրել է Շագոյանը:

Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի համալիր փորձաքննության հայերեն թարգմանության հրապարակումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանքի շահագործման հարցով երեք քննարկում է անցկացրել։ Առավոտյան կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաղրամյան 26-ում հանդիպումը կայացել է կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ։ Այնուհետ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ է քննարկել հարցը։

Օրվա ավարտին, բոլոր փաստարկներն ու հակափաստարկներն իմի բերելով, կառավարության ղեկավարը հայտարարեց՝ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը, չնայած հանգամանքին, որ այս օրերին բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներ էին իրականացնում, նրանցից 6-ը երեկ Երևանի Բաղրամյան պողոտայից բերման էին ենթակվել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть