«Ամուլսարը հանքի չի՛ դառնա»․ այս վանկարկմամբ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման դեմ արդեն մեկ տարի պայքարի դուրս եկած ջերմուկցիները (նրանք, մշտական հերթապահության իրականացմամբ, փակել են հանք տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքի տարածքում որևէ գործողություն իրականացնել-խմբ․) այսօր առավոտից ավտոերթով շարժվել են դեպի Երևան՝ իրենց ձայնը կրկին լսելի դարձնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր հարցի առնչությամբ Բաղրամյան 26-ում քննարկում է հրավիրել։Քննարկումը ԶԼՄ-ների համար փակ է, ըստ տեղեկությունների՝ դրան մասնակցում են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր:
Հայկական բնապահպանական ճակատից էլ հայտնում են, որ Ամուլսարի պահակակերում, իրենց բնորոշմամբ՝ պոստերում, այսօր հերթապահելու են համայնքի կանայք:
Նշենք՝ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց կոմիտեի պատվերով Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ միջազգային ELARD ընկերության անցկացրած համալիր փորձաքննության եզրակացությունը, որի արդյունքներով հայտարարվեց, որ հանքի շահագործման առնչությամբ հարուցված քրգործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան, քանի որ «Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա, նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք։
Բնապահպանները, հաջորդ օրն իսկ, ի պաշտպանություն Ամուլսարի՝ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի առջև՝ հայտարարելով, որ փորձաքննությունը լիարժեք պատկեր չի կարող տալ, քանի որ հանքի շահագործման թուլյտվություն ստացած«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ներկայացրած ՇՄԱԳփաստաթղթերը, որոնք փորձաքննության առարկա են դարձել,թերի են եղել, ինչի մասին նշված է նաև անկախ փորձագետների եզրակացությունում։
Հիշեցնենք՝ 2018-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով պաշտոնավարման 6 ամիսների գործունեության արդյունքները՝ որպես գլխավոր բացթողում մատնանշել էր հանքարդյունաբերության ոլորտը։
Մասնավորապես, անդրադառնալով «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ առկա մտահոգություններին՝ հայտարարել էր՝ կառավարությունը պետբյուջեից միջոցների չի խնայելու անկախ փորձաքննություն պատվիրելու համար։
«Եթե պարզվի, որ հանքի շահագործումը վտանգում է Սևանի և Ջերմուկի ջրերի վրա՝ այդ ծրագիրը կփակվի»,-վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ փորձաքննության եզրակացությունն այդ առումով կառավարության համար ուղեցույց է լինելու։
Հասարակական-քաղաքական շրջանակներում այս օրերին շրջանառվում է այն տեսակետը, որ Ամուլսարը լինելու է Փաշինյանի իշխանության փորձաքարը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը