Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է․ «Սասնա Ծռեր»-ը հորդորում է չանտեսել ազդակիր համայնքների ձայնը - RadioVan.fm

Онлайн

Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է․ «Սասնա Ծռեր»-ը հորդորում է չանտեսել ազդակիր համայնքների ձայնը

2019-08-15 18:43 , Политика, 1520

Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է․ «Սասնա Ծռեր»-ը հորդորում է չանտեսել ազդակիր համայնքների ձայնը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունն այսօր Ամուլսարի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորելով չանտեսելազդակիր համայնքների ձայնը և բացառել ինչպես այդ, այնպես էլ՝ նոր մետաղական հանքերի շահագործումը։

«Սասնա Ծռեր»-ի հատարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում:

Ազգադավ և ոճրագործ ռեժիմից ժառանգած օլիգոպոլ տնտեսությունը, բնության գիշատչական շահագործումը և դրանք արդարացնող աճպարարությունը մնում են որպես քաղաքական կամքի բացակայության ու ռազմավարական կառավարման անկարողության պայմաններում ամեն գնով նախկին համակարգը և նրա նկատմամբ կառավարումը պահպանելու միջոցներ:

Գործող իշխանությունը նշված տրամաբանությամբ է մոտենում նաև Ամուլսարի հանքի շահագործման հարցին՝ շարունակելով առօրյա խնդիրները լուծել ապագան խորտակելու հաշվին և ապագայի համար անլուծելի խնդիրներ առաջացնելու գնով:

Ինչպես և նախորդ ռեժիմը, գործող իշխանությունը ևս անտեսում է ազդակիր համայնքների ձայնը, մասնագետների ահազանգները և նույնիսկ իր իսկ պատվերով կատարված փորձաքննության մատնանշած ակնհայտ ռիսկերն ու հավանական անդառնալի հետևանքները:

Խիստ մտահոգիչ է, որ ներկայիս կառավարությունը ջանք չի խնայում օֆշորային կասկածելի ծագում ունեցող ընկերությանն Ամուլսարի շահագործման լիցենզիա տալու կոռուպցիոն մեխանիզմներն ու դրանց մեջ ներգրավված անձանց ու կազմակերպություններին բացահայտելու հարցում իր հանցավոր անգործությունը և հանքարդյունաբերությանն այլընտրանք գտնելու ցանկության բացակայությունը թաքցնելու և դրանք միջազգային դատարանում պարտվելու ու մեծ տուգանքներ վճարելու կեղծ սպառնալիքի հեռանկարով արդարացնելու համար:

Հայաստանում հանքարդյունաբերությունը վաղուց հատել է գոյութենական սպառնալիքի կարմիր գիծը: Տնտեսության կառուցվածքի արմատական փոփոխությունն այլընտրանք չունի: Հակառակ պարագայում երկիրը կվերածվի թունավոր անապատի:

Հանքարդյունաբերության հրեշավոր երախից երկիրն ու տնտեսությունը հանելու գերակայությունները, մասնավորապես, պետք է լինեն.

  1. նոր մետաղական հանքերի, այդ թվում՝ Ամուլսարի, շահագործման բացառումը,
  2. բնապահպանական միջազգային բարձր նորմերի ու չափանիշների ընդունումը և դրանց համապատասխան առկա հանքարդյունաբերության գույքագրումը,
  3. օրենսդրական և բնապահպանական նորմերն ու չափանիշները խախտող և անվերականգնելի վնասներ հասցնող հանքարդյունաբերության դադարեցումը,
  4. աստիճանաբար մնացյալ հանքարդյունաբերության սահմանափակումը և դրա տնտեսական արդյունքի էական մեծացումը՝ ի հաշիվ տեխնոլոգիական հագեցմամբ արժեքային շղթաների աստիճանական ամբողջացման, որպեսզի հումքի պարզունակ արտահանման փոխարեն Հայաստանն ունենա վերջնական արդյունքի վրա հիմնված արդյունաբերություն:

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կոչ ենք անում չանտեսել ազգի և պետության ռազմավարական ապագան իրական վտանգի չենթարկելու վերաբերյալ բոլոր ողջամիտ ու հիմնավոր զգուշացումները, ազդակիր համայնքների կամքը և նախկինների նման տնտեսության հիմքում չդնել գիշատչական հանքարդյունաբերությունը»:

Նշենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է կոմիտեի պատվերով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ միջազգային ELARD ընկերության անցկացրած համալիր փորձաքննության եզրակացությունը, որի արդյունքներով այսօր կառավարության նիստի մեկնարկին կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն առանձնացրել է 3 կետեր․

1.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա,

2.Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի,

3.Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Քննչական կոմիտեի նախագահի խոսքով՝ «Լիդիան» ՓԲԸ-ն երեկ ծանոթացել է այդ եզրակացությանը, իսկ մինչ այդ նախաքննության ընթացքում ընկերությունը ներգրավված է եղել որպես կողմ և աշխատել է «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: ««Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն իսկ կիրառվում է, իսկ 5-ը պատրաստ են ապագայում կիրառել: 1 մեղմման միջոցն է, որ դեռ քննարկման փուլում է՝ Համաշխարհային բանկից գումար ստանալու համար «Լիդիան» ՓԲԸ-ն իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի IFC ստանդարտին: IFC ստանդարտով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն: «Էլարդ»-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի: Ըստ էության, «Լիդիան» ՓԲԸ մասնագետները չեն հրաժարվում 100 տարուց ավելի կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունն ապագայում կլինի», - ասել է Հայկ Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգան որևէ եզրակացության:

Անդրադառնալով այս առնչությամբ հարուցված քրեական գործին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

Նշենք՝ ի պաշտպանություն Ամուլսարի այսօր մի խումբ բնապահպաններ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել՝ կառավարությունից պահանջելով դադարեցնել «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությանը տրված՝ Ամուլսարի հանքավայրը շահագործելու թույլտվությունը։Ի հեճուկս անկախ փորձագիտական եզրակացության՝ բնապահպանները հայտարարում են հանքի շահագործումը աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть