Արդարադատության նախարարությունն այսօր իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարությունից նշում են՝ դրանց ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մայիսի 18-ի որոշումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին կառավարությունում հրավիրված քննարկմանը հայտարարեց, թե եկել է դատական համակարգում վիահատական միջամտություններ կատարելու և Հայաստանում գործող բոլոր դատավորներին «vetting»-ի ենթակելու ժամանակը։ Պատկան մարմիններին հանձնարարվեց այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Բարեվարքության ստուգում, թե «vetting»՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ ընտրված Ռուբեն Վարդազարյանն էլ հայտարարեց՝ «պատրաստ է անցնել»։ Ըստ էության, նա էլ հանդիսանալու է արդարադատության համակարգում «զտման» գործառույթ իրականացնող մարմնի ղեկավարը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը