Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

2019-05-20 15:26 , Политика, 1601

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

«Հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև, ինչպես ասեցի, սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է: Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգն ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում: Եվ ուրեմն, հարգելի գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»,-այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված քննարկմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործընթացը պետք է արտահայտվի հետևյալում.

1. Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

2. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։

5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց այսօր 8։30-ից փակել ՀՀ բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր, ժամը 12.00-ին, կհայտարարի «հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակաևոր փուլի մեկնարկը»։

Лента

Рекомендуем посмотреть