Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազությանկողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ շարունակվում են տարատեսակ մեկնաբանություննները, իրականության ակնհայտ խեղաթյուրման և քաղաքականացման անթույլատրելի դրսևորումները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարազաբանում է տարածել․
«Դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից 2019թ. հուլիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:
2019թ. հուլիսի 27-ի որոմամբ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, եզրահանգելով, որ երկու դրվագներովառկա է դատավորի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքներին առնչություն ունենալու հիմնավոր կասկած, դրանցով համաձայնություն է տվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:
Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները:
ՀՀ դատախազությունը, ելնելով ավելորդ հրապարակայնությամբ դատավորի ինստիտուտի հեղինակությունը չվնասելու սկզբունքից, շարունակում է նշված քրեական գործով թույլատրելի նվազագույն չափով տեղեկատվություն տրամադրելու գործելակերպը: Այս համատեքստում անթույլատրելի ենք համարում իրենց «իրավապաշտպան» հռչակած խիստ սուբյեկտիվ առանձին «քաղաքական գործիչների», իրավաբանների կողմից դատախազության այդ գործելակերպի շահագործմամբ, առանց գործի նյութերին և փաստական տվյալներին ծանոթ լինելու, դրանց աղավաղման և հանրային թյուր կարծիք ձևավորելու էժան մանիպուլյատիվ շահարկումները: Հորդորում ենք զերծ մնալ արդեն հանրածանոթ, սակայն իրեն սպառած հնարքներից, հատկապես մասնագիտական պատշաճության հետ որևէ աղերս չունեցող կողմնակալ ու շահագրգիռ դիրքորոշումներ արտահայտելու, էթիկայի սահմաններից դուրս որակումներ հնչեցնելու դրսևորումներից:
Միևնույն ժամանակ, իրապես հետաքրքրված և առողջ մտահոգություններ ունեցողներին հիշեցնում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև բոլորի հավասարության և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների մասին, որոնք անվերապահորեն տարածվում են ենթադրյալ հանցանք կատարած յուրաքանչյուր անձի վրա՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու գործառույթներից»:
Նշենք՝ երեկ փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ դատավորի դեմ քրեական գործի պատճառն իշխանության անհաճո որոշումն է, տեղեկացրել էր, որ շուրջ 50 փաստաբան պատրաստ է ստանձնել դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։
Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որի կայացրած որոշմամբ, Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյաննի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ, կալանքից ազատվել էր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ միաժամանակ կասեցվել էր գործի վարույթը՝ ուղարկվելով Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը մեկնաբանելու համար։ Սահմանադրական դատարանն այժմ որոշում է կայացրել կասեցնել նշյալ վարույթն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) ու Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը